Հայաստանը շարունակելու է Սու-30ՍՄ-ների և այդ ինքնաթիռների համար սպառազինության գնումները․ Փաշինյան

Ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում խոսել է հայ-ռուսական հարաբերությունների ապագայի իր տեսլականի, տնտեսական կապերի և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին։

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ

Պատասխանելով հարցին, թե որքանով է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ապագան կախված առաջիկա արտահերթ ընտրությունների արդյունքներից, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները բավական հարուստ են և ծավալուն։ Դրանք հիմնված են մեր բարեկամ ժողովուրդների պատմական մտերմության վրա։ Այդ հարաբերությունների բնույթը կախված չէ ապագա արտահերթ ընտրությունների արդյունքից»։

Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները

Վարչապետը հիշեցրել է, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից դեռևս 1993 թվականին։ Նրա խոսքով՝ Հայաստանը միշտ կողմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, սակայն դա մերժվել է հենց Թուրքիայի կողմից։

«Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայի ընթացքում։ Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին ուղղակի ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա զինյալ ահաբեկիչների։ Այս համատեքստում ամուր խաղաղության հաստատման և տարածաշրջանում տնտեսական նկարագրի վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ այդ ագրեսիվ քաղաքականությունը»,- նշել է Փաշինյանը։

Ռուսական սպառազինության ձեռքբերման, հնարավոր նոր վարկի մասին

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը միտված է Ռուսաստանի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից:

«Հաշվի առնելով, որ միջպետական երկկողմ համաձայնագրերին համապատասխան` ՀՀ տարածքում ստեղծվել և գործում է հայ-ռուսական երկու խմբավորում` Զորքերի միացյալ խմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգը, և երկու երկրները ՀԱՊԿ-ի կազմում են, հասկանալի է, որ Հայաստանը խիստ շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումների հարցում»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման համար ռուսական նոր վարկին, Փաշինյանը նշել է․ «Նման հարցերի վերաբերյալ որոշումներ կընդունվեն՝ կախված բանակի բարեփոխման արդյունքներից, որը մենք այս պահին իրականացնում ենք։ Իմաստ չեմ տեսնում այս փուլում քննարկել ֆինանսավորման աղբյուրներն ու կառուցվածքը՝ առանձնացնելով այն նպատակներից ու խնդիրներից, որոնք կանխորոշվելու են բանակի բարեփոխումների գործընթացում»։

Հայաստանը կշարունակի Սու-30ՍՄ-ներ գնել

Հարցին, թե նախատեսո՞ւմ է Հայաստանը շարունակել ռուսական զենքի, մասնավորապես, Սու-30ՍՄ կործանիչների և այդ ինքնաթիռների համար սպառազինության գնումները, Հայաստանի վարչապետը պատասխանել է․ «Ձեր նշած տիպի ինքնաթիռների վերաբերյալ նույնպես դրական պատասխան կտամ, քանի որ դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային զինված ուժերի զարգացման ծրագրով»։

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանել