Պատերազմից հետո հարուցված քրեական գործերով 628 անձի մեղադրանք է առաջադրվել

Լուսանկարը՝ Associated Press-ի

Արցախյան 44-օրյա պատերազմական գործողությունների արդյունքում ընդհանուր առմամբ տարբեր հանցագործություններ կատարելու համար 628 անձ որպես մեղադրյալ է ներգրավվել, այդ թվում՝ նաև բաձրաստիճան սպաներ։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումից, որը հրապարակվել է Ազգային ժողովի կայքում։

Մարտական գործողություններից հետո ապօրինի զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և հափշտակելու երեք հարյուրի հասնող դեպքերից 95-ով հարուցվել են քրեական գործեր։

Զենք-զինամթերքի զգալի մասը հայտնաբերվել է հիմնականում Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի տարբեր հատվածներում ծառայություն իրականացնող համապատասխան իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ ավտոմեքենաների զննությամբ, ինչպես նաև իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու, դասալքության, զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, մարտական հերթապահության կանոնները խախտելու հոդվածների տարբեր մասերով հարուցվել է 1445 քրեական գործ։

Մեկ գործով քննության առարկա են Շուշիի, Հադրութի, Մեխակավանի, Հորադիզի ուղղություններով զորքերի և ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, հակառակորդի կողմից բնակավայրերի գրավման հանգամանքները: 

Մասնավորապես, դեռևս 2020-ի նոյեմբերին, ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվել է տվյալների հավաքագրում, հայտնաբերվել են հրապարակումներ, որոնցում, ըստ դատախազության, առկա են եղել պնդումներ և ընդհանուր բնույթի տվյալներ պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի ու կամավորականների՝ Արցախի հարավ-արևելյան ուղղություններում, այդ թվում նաև դեպի Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումներին անհիմն նահանջելու հրաման տալու միջոցով Շուշի քաղաքը պլանավորված կերպով Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու, առանձին դեպքերում՝ առանց հրամանի դիրքերը լքելու միջոցով զինվորական ծառայության պարտականությունները չկատարելու դեպքերի մասին։ 

Հաղորդման մեջ նշվում է նաև, որ այս քրեական գործի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության կողմից Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ են ուղարկվել նաև Արցախի հարավ-արևելյան ուղղություններում, դեպի Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում ծավալված ռազմական գործողությունները լուսաբանած ռուս լրագրողի հրապարակային արված դիտարկում-վկայությունները, ենթադրաբար Արցախի նախագահի մասնակցությամբ ձայնագրությունը, Արցաի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի դեկտեմբերի 12-ին հրապարակված հարցազրույցը և այլն:

Պատերազմի հետևանքով անհետ կորած, գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներից, հարազատներից խարդախությամբ գումարներ հափշտակելու հատկանիշներով քննվում է 5 քրեական գործ, կան կալանավորվածներ։ Միաժամանակ քննվում են մեկական գործեր՝ պետական դավաճանություն կատարելու և լրտեսության հատկանիշներով։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել