Ադրբեջանցի զինվորականները քարեր են նետել Կապան-Երևան ճանապարհով անցնող հայկական ավտոմեքենայի ուղղությամբ։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Կապանից գնալուց՝ Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի հատվածում․ «Դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա»,- ասել է նա։
Փարսյանը տեղեկացրել է, որ տուժածներ չկան։ Ավտոմեքենան նույնպես չի վնասվել։
Կապանի քաղաքապետը նշել է, որ ռուս սահմանապահները տեղեկացվել են միջադեպի մասին և համապատասխան գործողություններ են կատարել։
2021 թ. մարտի 25-ին և 29-ին ադրբեջանական կողմը քարկոծել էր Կարմիր Շուկա – Ստեփանակերտ և Ստեփանակերտ – Գորիս ճանապարհներով ընթացող քաղաքացիական ավտոմեքենաները։ Ընդ որում, երկրորդ դեպքում հարձակման էր ենթարկվել Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ռազմական ագրեսիայի ընթացքում զոհվածների մասունքները տեղափոխող ավտոմեքենան։