ՀՅԴ-ն դեռևս որոշում չունի, թե ընտրություններին ինչ ֆորմատով է մասնակցելու․ Սաղաթելյան

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը դեռևս որոշում չունի, թե ընտրություններին ինչ ֆորմատով է մասնակցելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի հետ կուսակցությունների դաշինքով մասնակցելու լուրերին:

«Քանի դեռ Դաշնակցության Գերագույն մարմինն այդ մասին հայտարարություն չի արել, ուրեմն մինչ այդ պահը մենք որոշում չունենք: Նման հարցերը մեզ մոտ որոշվում են ժողովների ժամանակ»,- նշել է Սաղաթելյանը:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Պոզներ» հաղորդման եթերում ասել էր, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու է կուսակցությունների դաշինքով․ «Ամենայն հավանականությամբ, դաշինքում կլինի 2 կուսակցություն»,– նշել էր նա: Քոչարյանը, սակայն, չէր հստակեցրել, թե որ կուսակցություններն են դաշինք ստեղծելու՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Քոչարյանի դաշինքի կուսակցություններից մեկը հենց ՀՅԴ-ն է լինելու։

Մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները հայտարարել էին, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Մեկնաբանել