Ապրիլի 24-ին «105 ռոյալ» նախագիծը չի իրականացվի

Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ «105 ռոյալ» նախագիծը կիրականացվի այն ժամանակ, երբ կհավաքվի ռոյալներ գնելու անհրաժեշտ գումարը․ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց «105 ռոյալ» նախագծի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը։

2020 թվականին՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ նախատեսվում էր ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղադրել 105 ռոյալ: Այդ օրը տարբեր երկրներից Հայաստան ժամանած 105 երաժիշտ կատարելու էր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Սակայն, համավարակով պայմանավարված, միջոցառումը տեղի չունեցավ։

«Մենք չենք հասցնի մինչև այս տարվա ապրիլի 24-ը հավաքել ամբողջ գումարը և գնել ռոյալները։ Երբ գումարը հավաքվի, կանենք նախագիծը, կապ չունի՝ կլինի հոկտեմբերին, թե մյուս տարվա ապրիլին»,- ասաց Հովհաննիսյանը։

Միջոցառման իրականացումից հետո ռոյալները կնվիրվեն երաժշտական դպրոցներին․ «Նախատեսվում է 95 ռոյալ նվիրել Հայատանի, իսկ մնացածը՝ Արցախի երաժշտական դպրոցներին»։

Լիա Ավագյան

Մեկնաբանել