Անցած շաբաթ ստացված AstraZeneca պատվաստանյութը դեռ մաքսազերծման և բաշխման փուլում է․ նախարար

Հայաստանում անցած շաբաթ ստացված AstraZeneca ընկերության պատվաստանյութը դեռ մաքսազերծման և բաշխման փուլում է գտնվում: Առաջիկայում ՀՀ-ն կստանա նաև Սպուտնիկ-V-ի նոր խմբաքանակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հաղորդում է «Արմենպրեսը»։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք և՛ Եվրոպական միության, և՛ Առողջապահական համաշխարհային կազմակերպության վերջնական եզրակացության տրամադրմանը, որն այս երկու օրվա ընթացքում կլինի: Դրանից հետո, ըստ եզրակացության, մենք որոշում կկայացնենք, թե ինչպես և ինչ տարիքային խմբի համար ենք պատվաստումներն իրականացնելու: Մենք շարունակում ենք Սպուտնիկ-V-ով պատվաստումները, սակայն, քանի որ չափաքանակը դեռ քիչ է, պատվաստումներն էլ քիչ են իրականացվում: Առաջիկայում կստանանք Սպուտնիկ-V-ի նոր խմբաքանակ և, իհարկե, պատվաստվողների շրջանակը կմեծացնենք»,- նշել է Ավանեսյանը:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին միացած բուժկենտրոնների բուժաշխատողների շրջանում կամավորության սկզբունքով կորոնավիրուսի դեմ պատվաստում է իրականացվել Ռուսաստանի նվիրած Սպուտնիկ-V պատվաստանյութերով: Տվյալ պատվաստանյութով ընդհանուր առմամբ պատվաստվել է 600 հոգի: