Բանկերը զոհված զինծառայողների ընտանիքների շուրջ 3 մլրդ դրամի վարկեր են ներել. նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր՝ ապրիլի 7-ին, Ազգային ժողովում հայտարարել է, որ պաշտպանության նախարարության և Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքների շուրջ 3 մլրդ դրամի վարկային պարտավորությունները ներվել են:

Նա հիշեցրել է դեռևս ռազմական դրության ժամանակ կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները, որոնց արդյունքում ուղղումներ ու լրացումներ են կատարվել Հարկային օրենսգրքում․ «Դրանց շնորհիվ բանկերը և վարկային կազմակերպությունները հնարավորություն են ստացել ներել վարկային պարտավորությունները՝ առանց լրացուցիչ հարկային բեռ վերցնելու»,- ասել է նա:

Նախարար Առաքելյանի տվյալներով՝ մինչ օրս բանկերն ու վարկային կազմակերպությունները ներել են 3 միլիարդի վարկային պարտավորություններ:

Այս համատեքստում նա անդրադարձել է ընդդիմադիր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարություններին, որ բանկերից և վարկային կազմակերպություններից զոհվածների ընտանիքներին զանգահարում են և պահանջում վճարել վարկերի դիմաց:

Նախարարը չի բացառել նման բացերի հնարավորությունը՝ անտեղյակության պատճառով․ «Այս գործընթացում բացեր հնարավոր են, սակայն ցանկանում եմ շեշտել, որ Պաշտպանության նախարարությունը Կենտրոնական բանկի միջոցով առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին է փոխանցել զոհերի և վիրավորների անձնական տվյալները։ Այսինքն՝ համակարգային խնդիրներ այս հարցում չկան», – ասել է նա:

Նախարարի խոսքով, այս գործընթացում առաջ եկած խնդիրները գրանցվում են նախարարությունում, որոնց օպերատիվ լուծման ուղղությամբ գործողություններ են իրականացվում:

Մեկնաբանել