Ապրիլի 8-ին Հայաստանը կստանա «Սպուտնիկ-V»-ի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ․ Փաշինյան

Վաղը մենք կստանանք ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա առաջին, կարելի է ասել՝ սիմվոլիկ խմբաքանակն է, բայց մենք հույս ունենք, որ ձեռք կբերենք ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակ։ Այն ապացուցել է իր արդյունավետությունը և մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանը հնարավորություն ունենա ձեռք բերել այդ պատվաստանյութը»,- նշեց Փաշինյանը։

Վաղը՝ ապրիլի 8-ին, Հայաստանը կստանա 15 հազար դեղաչափ «Սպուտնիկ-V», սակայն վարչապետի խոսքով՝ ՀՀ-ն միլիոնից ավելի պատվաստանյութի կարիք ունի․ «Իհարկե, ես հասկանում եմ, որ Ռուսաստանում ևս այսօր մեծ պահանջարկ կա պատվաստանյութի»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ՝ մենք կլուծենք այդ հարցը։ Եվ ոչ ի հաշիվ Ռուսաստանի քաղաքացիների»,- ասաց Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանում պատվաստանյութի արտադրության ծավալներն են բավականին մեծացվել և մեծացվում։

Մեկնաբանել