Կառավարությունը 2,8 միլիարդ դրամով ավելացնում է գիտության բյուջեն

Հայաստանի կառավարությունը որոշել է մոտ 2 միլիարդ 800 միլիոն դրամով ավելացնել Հայաստանի գիտության ֆինանսավորմանն ուղղված բյուջեն։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 8-ի նիստի օրակարգում։

Ընդհանուր առմամբ 2021-ի պետական բյուջեով գիտական գործունեության ծրագրերի ու միջոցառումների համար հատկացվել էր ավելի քան 13 միլիարդ 100 միլիոն դրամ։ Լրացուցիչ 2,8 միլիարդ դրամը ծախսվելու է երկու ուղղություններով՝ թեմատիկ գիտական հետազոտությունների իրականացում և գիտական ենթակառուցվածքների արդիականացում (լաբորատորիաներ, սարքավորումներ և այլն):

«Շարունակվում է գիտական կադրերի, առաջին հերթին, երիտասարդների զգալի արտահոսք գիտության ոլորտից, այդ թվում նաև` արտերկիր: Արդյունքում` գիտության ոլորտի կադրային կազմի այդպիսի փոփոխությունները բերեցին գիտության արագ «ծերացման», գիտական հետազոտությունների մասնագիտական մակարդակի որակական փոփոխության, խախտվեցին գիտական և գիտամանկավարժական դպրոցների շարունակականությունը, սերնդափոխության սահուն ընթացքը: Լրացուցիչ ֆինանսական միջոցները նպատակաուղղված են լինելու գիտության ոլորտում այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնց արդյունքում հնարավոր կլինի մեծացնել երիտասարդների դերը ոլորտի զարգացման գործում, բարձրացնել գիտական աշխատողի վարկանիշը և հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ գիտության նկատմամբ»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Մեկնաբանել