Կենտրոնական բանկը կմիջամտի՝ կայունացնելու դրամի փոխարժեքը

Exchange

Վերջին շրջանում հայկական դրամի դանդաղ, բայց շարունակական արժեզրկման գործընթացը դրդել է Կենտրոնական բանկին արտարժույթի շուկայում վերստին իրականացնել ինտերնվենցիա, որը ԿԲ-ն անվանում է գործառնություններ:

«ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- ասված է Կենտրոնական բանկի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Տարեսկզբից հայկական դրամը շարունակում է դանդաղ արժեզրկվել ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։ Դրամի դիրքերը ամրապնդվեցին Կենտրոնական բանկի իրականացրած մի քանի ինտերվենցիաներից հետո: Ըստ առևտրային բանկերի փոխարժեքները ցուցադրող rate.am կայքի՝ 2021թ. ապրիլի 4-ի դրությամբ հայաստանյան բանկերում դոլարը վաճառվում է 537 դրամով, գնվում՝ 543 դրամով։

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով՝ ապրիլի 7-ի դրությամբ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 536 դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել է 1,4 դրամով։

Փորձագետների կարծիքով, դրամի արժեզրկման հիմնական պատճառները Հայաստանում քաղաքական անորոշություններով պայմանավորված անհատների ու տնտեսվարող սւոբյեկտների սպասումներն են: Նրանք զգուշացնում են, որ անորոշությունների տևական պահպանման պարագայում բացասական սպասումները կարող են վերածվել վարքագծի, իսկ այն իր հերթին կարող է դառնալ իրավիճակի վրա բացասական ազդեցություն ունեցող կառուցվածքային գործոն:

Ապրիլի 6-ին Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Ներսես Երիցյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ փոխարժեքի շուկայում իրավիճակը կառավարելի է, իսկ տատանումները «պայմանավորված են ոչ թե ֆունդամենտալներով, այլ սպասումներով»:

Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,7 տոկոս:

Կրճատվել են օտարերկրյան ուղղակի ներդրումները, որոնք տնտեսության թթվածինն են և էական ազդեցություն ունեն փոխարժեքի վրա: Վիճակագրական կոմիտեի վերջերս հրապարակած տվյալներով, 2020թ․ հունվար-դեկտեմբերին 2019թ․ համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 136,8 տոկոսով՝ կազմելով 117 մլն դոլար:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել