«Սպուտնիկ-V»-ն Հայաստանում գրանցված չէ, բայց օգտագործման թույլտվություն տրված է

Այս պահին պատվաստանյութերի գրանցվում չի իրականացվում, բայց «Սպուտնիկ-V» պատվաստանյութին արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվություն տրված է։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին պատվաստանյութերի գրանցվում չի իրականացվում, պատվաստանյութերին տրվում է օգտագործման թույլտվություն։ Հարցը հենց դրան է վերաբերում։ Այսինքն, արդյոք մենք ունենք իրավական հիմքեր Սպուտնիկ-V-ն օգտագործելու, այո՛, մենք ունենք բոլոր իրավական հիմքերը։ COVID-19-ի բոլոր պատվաստանյութերն այս պահին օգտագործվում են emergency use տարբերակով, արտակարգ իրավիճակների հետ պայմանավորված այդպիսի տերմին կա։ Եվ Հայաստանը, այո, տվել է արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվությունը»,- նշեց Ավանեսյանը։

Ապրիլի 7-ին Պուտին-Փաշինյան հանդիպմանը Ռուսաստանի նախագահի հարցին, թե «Սպուտնիկ-V»-ն Հայաստանում գրանցված է, Հայաստանի վարչապետը դրական պատասխան էր տվել։

Ճեպազրույցի ժամանակ Ավանեսյանը հայտնեց, որ «Սպուտնիկ-V»-ի 2 դեղաչափի համար Հայաստանը 19 դոլար է վճարվել։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը ձեռք է բերել 15 հազար դեղաչափ։

Առողջապահության նախարարը դժվարացավ հստակ թիվ նշել, թե քանի մարդ է պատվաստվելու համար հերթագրվել, բայց վստահեցրեց, որ բավական մեծ է հետաքրքրությունը։

Մեկնաբանել