Կարևոր է, որ ՌԴ նախագահի հետ քննարկումների բովանդակությունը կիսեմ ձեզ հետ. Փաշինյանը՝ Հարությունյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Սա լավ առիթ է, որպեսզի ձեզ հետ կիսվեմ Մոսկվա կատարած այցի արդյունքներով և տպավորություններով: Բնականաբար, Արցախի հարցը և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը Ռուսաստանի նախագահի հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկն է եղել, և շատ կարևոր եմ համարում, որ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ ձեզ հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ Արցախում ռուս խաղաղապահներն անվտանգության և կայունության ապահովման հիմնական գործող անձինք են․ «Խաղաղապահների գործունեությունը, իհարկե, պետք է արձանագրել, որ շատ արդյունավետ է և պետք է հույս ունենալ, նաև համոզված եմ, որ նույնպիսի արդյունավետությամբ կշարունակվի»։