Ռուսաստանը մանիպուլացնում է ԼՂ հիմնահարցը՝ օգուտ կորզելով․ Պետքարտուղարության ներկայացուցիչ

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու փոխարեն փորձում է խնդիրը վառ պահել․ նման կարծիք է հնչեցրել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրազիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը՝ ելույթ ունենալով «Թուրքական ժառանգություն» վաշինգտոնյան ոչ կառավարական կազմակերպոթյան սեմինարին։

«Ես ակնկալում եմ ադրբեջանական իշխանությունների դժգոհությունը՝ պայմանավորված ռուս խաղաղապահ ուժերի տեղակայմամբ, որոնք, ըստ երևույթին, Լեռնային Ղարաբաղում երկար են մնալու»,- նշել է Ջորջ Քենթը:

Ամերիկացի պաշտոնյան մեջբերել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալներից մեկին, որն ասել է. «Նման իրավիճակում մենք հայտնվել ենք 1998թ.: Այնուհետև Ադրբեջանը կհայտնվի նույն կարգավիճակում, ինչ մենք էինք 2008 թվականին: Դրան կհաջորդի այն իրավիճակը, որում մենք հիմա ենք»։

Ջորջ Քենթի խոսքով՝ «սա բավական հոռետեսական, բայց իրատեսական գնահատական է այն բանի, թե ինչպես է Ռուսաստանը մանիպուլացնում ղարաբաղյան հակամարտությունը՝ ի շահ իրեն և առանց հիմնախնդիրն իրապես կարգավորելու ձգտման»։

Միաժամանակ Պետքարտուղարության պաշտոնյան ողջունել է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական գործողությունների ավարտը՝ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ։

Ջորջ Քենթը առանցքային է համարել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի լուծումը՝ նշելով, որ Ադրբեջանի հաղթանակը, ինչպես առաջին պատերազմում Հայաստանինը, ճգնաժամի հաղթահարում չեն երաշխավորել: Նա անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: «Կարծում եմ՝ այդ մեխանիզմի առաջ նոր մարտահրավերներ են ծառացել: Ինչ վերաբերում է եռանախագահության ձևաչափի շարունակականությանը, ապա դրա կենսունակությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչ երկու պետությունները կցանկանան ձևաչափի միջոցով հասնել համաձայնության»։

Պետքարտուղարության ներկայացուցիչը համանախագահության գործում կարևոր խնդիր է համարել Ռուսաստանի քաղաքականությունը: «Մոսկվան կրակի դադարեցմանը որոշել էր հասնել ոչ թե Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, այլ կողմերի միջև ուղիղ կապ հաստատելու միջոցով»,- նշել է դիվանագետը:

Ջորջ Քենթը ստեղծված նոր իրավիճակի մասին կարծիք հայտնելով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ջերմացումը օրերի հարց չի համարել. «Նման զարգացում հնարավոր չէ ոչ այս ամիս, ոչ էլ մյուս տարի, այլ միայն հեռավոր ապագայում»։

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել