Փոփոխություններ՝ վարորդական իրավունքի համար հանձնվող քննությունների կարգում

Կառավարության ապրիլի 8-ի նիստում չզեկուցվող հարցով ընդունվեց որոշում, որով փոփոխություններ են նախատեսվում վարորդական իրավունքների համար հանձնվող քննությունների կարգում։

Փոփոխված կետերն են․

«Տեսական քննությունը դրական չհանձնած անձը, կարող է կրկին մասնակցել տեսական քննությանը բացասական հանձնված քննության օրվանից ոչ շուտ քան 7 օր անց, իսկ երկրորդ փորձը դրական չհանձնելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տեսական քննությանը կարող է մասնակցել բացասական հանձնված վերջին քննության օրվանից ոչ շուտ քան մեկ ամիս անց», նույն կարգով է ընթանալու նաև գործնական քննությունը։

«Տրանսպորտային միջոցներ վարելու դադարեցված իրավունքը վերականգնվում է և վարորդական վկայականները վերադարձվում են վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո` սույն կարգով սահմանված կարգով տեսական և գործնական քննությունները հանձնելուց հետո»։

Ըստ կառավարության՝ որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել վարորդական վկայականը փոխանակելը կամ դրա կրկնօրինակ տալը մերժելու մասին որոշումների օրինակելի ձևերի նկարագրական մասի բովանդակությունը, վերացնել առկա հակասությունները և տեղ գտած վրիպակը, ինչպես նաև կառավարել որակավորման քննությունների մասնակիցների հոսքերը և խուսափել հերթերի գոյացումից։

Մեկնաբանել