Հանքարդյունաբերություն․ քրեական գործերը կարճվում կամ դոփում են քննչական մարմիններում

հանքարդյունաբերություն

Մկրտիչ Կարապետյան

2018-ի հեղափոխությունից հետո հանքարդյունաբերական ընկերությունների հետ կապված քրեական գործերն արդեն մոտ երեք տարի է` կուտակված են քննչական մարմիններում, ու դրանց ելքն այդպես էլ չի երևում։ Մյուս կողմից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը և կառավարությունը թաքցնում են կարևոր մի շարք տեղեկություններ կատարած ստուգումների արդյունքների մասին։ Հանքարդյունաբերական ընկերությունների հետ կապված որոշ գործերի իրավապահներն ընտրովի են մոտեցել, որոշ գործեր կարճել են, իսկ մնացածի հետ կապված էլ երկարուձիգ քննչական աշխատանքներ են կատարում՝ տեղեկություններ չտրամադրելով դրանց ընթացքի մասին։

2014-ին «ԱՏ-մետալս» ընկերությունը ընդերքօգտագործման իրավունք ստացավ Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու հանքավայրը շահագործելու համար։ Տևական ժամանակ, սակայն, Մեղրիի ավագանին հրաժարվում էր փոխել «ԱՏ-մետալս»-ին հատկացված հողերի կատեգորիան այն հիմնավորումով, որ ընկերությանը հատկացված հողերի մեծ մասը գտնվում է «Արևիք» ազգային պարկի տարածքում։ «ԱՏ-մետալս»-ն ու Մեղրի համայնքը տևական ժամանակ դատական վեճի մեջ էին հանքարդյունաբերողի՝ հողերի կատեգորիան փոխելու պահանջի շուրջ։ Ի վերջո, անցյալ տարի Մեղրիի ավագանին թույլ տվեց ընկերությանը փոփոխել հողերի կատեգորիան։ Մեղրիի համայնքապետարանի հողօգտագործման, կառավարման ու գյուղատնտեսության բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանը Սիվիլնեթին ասաց՝ եղել են նոր չափագրումներ, ու պարզվել է, որ հանքավայրը պարկի տարածքից դուրս է։ Չափագրման աշխատանքները պատվիրել է Շրջակա միջավայրի նախարարությունը, ու համայնքը մինչ այժմ դրանց արդյունքները չունի։

«ԱՏ-մետալս». «Արևիք» ազգային պարկի հողերի հետ կապված գործը կարճվել է

«ԱՏ-մետալս»-ը 2018-ից դիմել էր Մեղրիի ավագանուն՝ հանքավայրի տարածքում գտնվող հողերի նպատակային նշանակությունը արդյունաբերական դարձնելու համար, սակայն ավագանին մերժել էր դիմումը՝ հիմնավորելով, որ ըստ իր ձեռքի տակ եղած կադաստրային քարտեզների՝ վիճարկվող 39 հեկտար մակերեսով հողատարածքը գտնվում է «Արևիք» ազգային պարկի տարածքում։ 2019-ի ապրիլին ավագանին որոշել էր մերժել ընկերության դիմումը, ու «ԱՏ-մետալս»-ը վարչական դատարանում սկսել էր բողոքարկել համայնքի որոշումները։ Այդ ընթացքում, սակայն, Մեղրիի ավագանին տեղի տվեց ու բավարարեց ընկերության պահանջը՝ փոխելով հողի կատեգորիան։

Մեղրիի համայնքապետարանի ներկայացուցիչ Արտավազդ Արզումանյանը Սիվիլնեթին պատմեց՝ Շրջակա  միջավայրի նախարարությունը չափագրման աշխատանքներ է պատվիրել ու անցյալ տարի իրականացրել. պարզվել է, որ հողերը «Արևիք» ազգային պարկի տարածքից դուրս են։ «Մեզ չեն տրամադրել չափագրումների արդյունքները, իրենք ասացին, որ պաշտոնապես կներկայացնեն մեզ, բայց մինչև հիմա ոչ մի տեղեկություն չունենք»,- ասաց Արզումանյանը։ Հարցին, թե այդ դեպքում ինչու է համայնքը թույլ տվել հողի կատեգորիայի փոփոխություն, նա պատասխանեց՝ նոր չափագրումների նախնական տվյալները ուղարկել են նաև հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով, որտեղից որևէ առարկություն չի եղել հողի կատեգորիա փոխելու հարցի հետ կապված։ «Այդ հանձնաժողովի կազմի մեջ կան բոլոր նախարարությունների ներկայացուցիչները, նրանք գրել են, որ առարկություններ չունեն։ Դրական եզրակացություն է եղել, ու մենք փոխել ենք կատեգորիան»,- նշեց Արզումանյանը։ Նա հավելեց, որ բացի այդ նոր չափագրումից՝ «ԱՏ-մետալս»-ը համապատասխան փաստաթղթեր է  ներկայացրել հանրապետական երկրաբանական ֆոնդից, ըստ որի՝ հանքավայրի տարածքը պարկի տարածից դուրս է։

Ըստ Մեղրիի համայնքապետարանի աշխատակցի ՝ հանքարդյունաբերողի կողմից ավագանու բերած փաստարկները դիտարկվում էին որպես կամայականություն. «Մենք կադաստրային քարտեզի վրա էինք հիմնվում, բայց այդ քարտեզում մեծ անճշտությունները լիքն են ու, ճիշտն ասած, հավատում էլ ենք, որ կարող էր հանքավայրի ու պարկի տարածքի հետ կապված անճշտություն լինել։ Մեծ սխալներ կային։ Միայն հիմնվել կադաստրային քարտեզի վրա ու ասել՝ չէ, դա էլ ճիշտ չէ»,- բացատրեց Արզումանյանը։ 

«ԱՏ-մետալս»-ին ընդերքօգտագործման իրավունքով հատկացված հողերի 60 տոկոսի՝  «Արևիք» ազգային պարկի տարածքում ընդգրկվածությունը 2018-ի հեղափոխությունից հետո հայտնվել էր տեսչական մարմնի, հետագայում նաև իրավապահների տեսադաշտում։ Գլխավոր դատախազությունը ՍիվիլՆեթին հայտնել է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «ԱՏ-մետալս»-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզվել է, որ «առանց հողամասերի վարձակալության ու հողի գործառնական նշանակության փոփոխման 9,72 հեկտար տարածքում տնտեսական գործունեության հետևանքով հողային ռեսուրսին ու մթնոլորտին հասցվել է 45,6 միլիոն դրամի վնաս։ Բացի այդ, 2019-ին դատախազություն է դիմել Մեղրիի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու տեղեկացրել, որ «ԱՏ-մետալս»-ը ապօրինի արդյունահանում է իրականացրել։ Դատախազությունը պարզել է, որ «Մեղրասար կոչվող վայրում, առանց տվյալ տարածքի սեփականատերերի համաձայնության կամ հողօգտագործման պայմանագրերի, իրականացվել է տնտեսական գործունեություն»։

Բոլոր այս դրվագները ընդգրկվել են մեկ քրեական վարույթում՝ քննելով հատուկ պահպանվող տարածքն հանքարդյունաբերության նպատակով օգտագործման հանձնելու, հողը փչացնելու, ապօրինի արդյունահանման և պաշտոնեական լիազորություններ չարաշահելու հետ կապված գործը։ «Նախաքննության ընթացքում հայտնաբերելով քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներ, 2020-ի նոյեմբերի 30-ին որոշվել է քրեական գործով վարույթը կարճել»,- ՍիվիլՆեթին հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Այս գործը քննած Հայկ Ռափյանը, պատասխանելով հարցին, թե ինչու է որոշվել «ԱՏ-մետալս»-ի հետ կապված տարբեր դրվագները միավորել ու մեկ վարույթով քննել, ասաց. «Մի արարք կարող է մի քանի հանցակազմ պարունակել, օրինակ՝ մարդը ատրճանակ վերցնի, գնա մարդ սպանի։ Այդ դեպքում լինում է՝ ապօրինի զենք օգտագործել ու սպանություն կատարել։ Այս գործը կարճվել է։ Քրեական գործի կարճման որոշումը տրամադրվում է կողմերին, դուք չեք հանդիսանում կողմ, կարող եք դիմել կողմերին, եթե ցանկություն ունենան, կտրամադրեն»։

Ըստ հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի ռեեստրի՝ ընկերության 15 տոկոսը պատկանում է Համլետ Հովսեփյանին։ Վերջինս նախկին վարչապետեր Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի խորհրդականն է եղել։ Ընկերության 19,8 տոկոս բաժնեմասը պատկանում է Համլետ Հովսեփյանի որդուն՝ Կարեն Հովսեփյանին, իսկ 15  տոկոսը մյուս որդուն՝ Վարդան Հովսեփյանին։ «ԱՏ-մետալս»-ում 25,6 տոկոս բաժնեմաս  ունի Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Մուլինը, 19 տոկոս Գենադի Մուլինը, 7,5 տոկոս՝ Պավել Խանչինը։ 

«ԱՏ-մետալս»-ի բաժնետերերից Համլետ Հովսեփյանը ներկայում սնանկ դառնալու ճանապարհին է։ «Դատալեքս» տեղեկատվական հարթակից պարզ է դառնում, որ այս տարվա փետրվարի 2-ին սնանկության դատարանը վարույթ է ընդունել «Էքսպրես կրեդիտ» վարկային կազմակերպության հայցը՝ Համլետ Հովսեփյանին սնանկ ճանաչելու պահանջով։ Չնայած դրան՝ Հովսեփյանը վստահեցնում է՝ «ԱՏ-մետալս»-ը ֆինանսապես առողջ է։ 

Քննչական կոմիտեում հարուցված ու կարճված քրեական գործի մասին խոսելով՝ Հովսեփյանն ասաց. «Գործ հարուցվել է նոր իշխանությունների օրոք ու կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով։ Ապօրինի որևէ բան չենք արել, ասում էին իբր ազգային պարկի տարածք ենք մտել, բան ենք շահագործել։ Ի սկզբանե մենք ասել ենք, որ դա աբսուրդի թատրոն է, ունենք շահագործման լիցենզիա, լեռնահատկացման ակտ, շրջակա միջավայրի ազդեցության գնահատական։ Քննեցին, բոլոր թղթերը մենք ներկայացրինք, որ ամեն ինչ ունենք»։ 

Հանքավայրի՝ «Արևիք» ազգային պարկում գտնվելու մասին հարցին ի պատասխան Հովսեփյանն ասաց՝ նոր քարտեզագրումներով հանքավայրի տարածքը պարկի տարածքի հետ առնչություն չունի. «Դեռ սովետական տարիներից դա եղել է հանքարդյունաբերության հողային տարածքներում։ «ԱՏ-մետալս»-ը նորմալ իր աշխատանքային գործընթացի մեջ է»։ Երկրաբանահետախուզական աշխատանքի արդյունքներով պարզվել է, որ Մեղրասարի հանքավայրում հաստատված պաշարները կազմում են 1,5 տոննա ոսկի և  ավելի քան 1 տոննա արծաթ։ Ընկերության բաժնետեր Համլետ Հովսեփյանի խոսքով՝ հանքավայրի արդյունահանումը կսկսվի ամռանը։ Մինչ այժմ «ԱՏ-մետալս»-ը, Հովսեփյանի վստահեցմամբ,  մոտ 20 միլիոն դոլարի ներդրում է կատարել։ 

Քրեական գործեր Պետեկամուտների կոմիտեում

Հանքարդյունաբերական երկու ընկերությունների՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Թեղուտ» ՓԲԸ-ների հետ կապված գործեր են քննվում Պետեկամուտների կոմիտեում (ՊԵԿ)։ Կոմիտեին հարցում էինք ուղղել՝ պարզելու, թե ՊԵԿ քննչական վարչությունում ի՞նչ գործեր կան հանքարդյունաբերողներ հետ կապված։ Ի պատասխան հայտնել են, որ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու հատկանիշներով ՊԵԿ-ում քննվում է երկու գործ՝ վերը նշված ընկերությունների մասով։ Չվճարված հարկերի ծավալի ու  մեղադրյալների վերաբերյալ հարցին ՊԵԿ-ից չեն պատասխանել։ 

Պղնձամոլիբդենային կոմբինատն առնչվում է նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ կապված քրեական գործին։ Միքայել Մինասյանը մեղադրվում է կեղծ հայտարարագիր ներկայացնելու և փողերի լվացման մեջ։ ՊԵԿ-ից հայտնել են, որ հարկեր չվճարելու դեպքը քննվում է Մինասյանի գործի հետ մեկ վարույթում, ու ներկայում ընթանում է նախաքննություն։ 2020-ի գարնանը ՊԵԿ-ը հայտնեց, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, գույքի, ունեցվածքի, եկամուտների կեղծ հայտարարագիր ներկայացնելու ու հանցավոր ճանապարհով ստացած գույքն օրինականացնելու մեջ։ 2021-ի հունվարին ՊԵԿ նախագահը ՍիվիլՆեթին հայտնել էր, որ «աննախադեպ ծավալով ու բարդությամբ պայմանավորված»՝ շատ մանրամասներ քրեական գործից հայտնել չի կարող։

Ապօրինի արդյունահանում. իրավապահները ընտրովի են մոտենում տնտեսվարողներին

2018-ին պարզվեց, որ Վայոց ձորում Ազատեկի հանքավայրը շահագործող «Վայք գոլդ» ընկերությունն ապօրինի արդյունահանել է 1 330 տոննա հանքաքար՝ 250 միլիոն դրամի չափով։ Արդյունահանվել էր ոսկի, արծաթ ու պղինձ։ 2019-ի ապրիլին դատախազությունում քրեական գործ հարուցվեց, ու վարույթը փոխանցվեց Քննչական կոմիտեին։ 2020-ի դեկտեմբերի 26-ին Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ Ազատեկի ոսկու հանքավայրի հետ կապված քրեական գործ է քննվում մի քանի հատկանիշներով՝ փաստաթղթեր կեղծելու, ծանր հետևանքների հանգեցրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կանոնների խախտմամբ ընդերքօգատգործման ու առանց պայմանագրի ընդերքօգտագործման, հարկեր, տուրքեր չվճարելու համար։

Նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել երկու անձի, սակայն միայն հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ չվճարելու հատկանիշերով։ Քննչական կոմիտեն չի մանրամասնել, թե ովքեր են այդ երկու անձինք։ Պատասխանից, սակայն, պարզ է դառնում, որ ապօրինի արդյունահանման հատկանիշով մեղադրյալներ չկան։ Քննչական կոմիտեն չի պարզաբանել նաև, թե որքան վնաս է պատճառվել պետությանը ապօրինի արդյունահանման ու հարկեր չվճարելու դրվագով։ Նախաքննությունը շարունակվում է։

Այնուհանդերձ Ազատեկի հանքավայրում ապօրինի ընդերքօգտագործման համար  քրեական գործ հարուցվել է, այնինչ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում նմանաբնույթ գործողության համար միայն վարչական իրավախախտման գումար գանձելով են սահմանափակվել։ 2019-ի մարտին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել էր կոմբինատում իրականացրած ստուգման արդյունքները՝ ըստ որոնց, միայն 2017-ի ընթացքում հանքավայրի հաշվեկշռային պաշարներից մարվել է 27,2 միլիոն տոննա հանքաքար, այնինչ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված է եղել 22 միլիոն տոննա, այսինքն՝ 5,2 միլիոն տոննա հանքաքար ապօրինի է արդյունահանվել և այն կուտակվել է բացահանքի տարածքում։

Տեսչական մարմնից Սիվիլնեթը հետաքրքրվել է, թե ինչ հանգամանքների բերումով է մի դեպքում ստուգման ակտի հիման վրա ապօրինի արդյունահանման փաստով քրեական գործ հարուցվում, իսկ մյուս դեպքում՝ ոչ։ Ի պատասխան՝ տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանը հայտարարել է, թե տեսչական մարմինն իր լիազորություններն իրականացնում է ՀՀ օրենքների ու նորմատիվ ակտերի համապատասխան, ապա խորհուրդ է տվել «չհիմնավորված ու ոչ մասնագիտական եզրակացություններ չանել»։ 

Նույն բովանդակությամբ երկրորդ հարցմանն ի պատասխան՝ Հասրաթյանը շարունակել է տեղեկատվություն չտրամադրել՝ հայտնելով, թե արդեն իսկ պատասխանել է հարցերին։

Գլխավոր դատախազությանը հասցեագրած հարցմամբ հետաքրքրվել էինք՝ ինչու է մի դեպքում ապօրինի արդյունահանման համար քրեական գործ քննվում, իսկ մյուս դեպքում միայն պատճառված վնասի փոխհատուցման պահանջ ներկայացվում։ Գլխավոր դատախազությունից պատասխանել են՝ տեսչական մարմնի տեղեկատվությունն ուսումնասիրվել է Սյունիքի մարզի դատախազությունում ու պարզվել, որ ԶՊՄԿ տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրին՝ ջրային ռեսուրսներին ու մթնոլորտին հասցվել է 382,4 միլիոն դրամի վնաս։ Ինչ վերաբերում է նախատեսվածից խոշոր չափով արդյունահանմանը, դատախազությունից հայտնել են. «Տեսչական մարմնի ստուգման ակտով արձանագրվել է, որ խախտվել են ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի պահանջները, այն է՝ օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան իրականացնելու պարտականությունը, ինչպես նաև չի ապահովվել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջների կատարումը, որի արդյունքում Տեսչական մարմնի 2019-ի մարտի 7-ի որոշմամբ ընկերության գլխավոր տնօրենին հանձնարարվել է հետագա աշխատանքներն իրականացնել ընդերքօգտագործման պայմանագրին համապատասխան, իսկ շրջակա միջավայրին պատճառված վնասի համար ընկերության պատասխանատու պաշտոնատար անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության 500 000 դրամի չափով»։ Ըստ դատախազության՝ տեսչական մարմնի ստուգման ակտի ուսումնասիրությունն ավարտվել է, ու քրեաիրավական գնահատական տալու անհրաժեշտությունը բացակայել է։

Ազատեկի ոսկու հանքավայրից ապօրինի արդյունահանման ու Քաջարանի հանքավայրից ապօրինի արդյունահանման զուգահեռների ու պատասխանատվության միջոցների մասին հարցերին պատասխանելով՝ Գլխավոր դատախազությունից նշել են՝ Ազատեկի հանքավայրի դեպքում այլ հանգամանքներ են, և քրեական գործ հարուցվել է քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այս հոդվածը վերաբերում է հենց ընդերքօգտագործման կանոնների խախտմամբ կամ նախագծերի շեղումներով ընդերքօգտագործմանը կամ առանց պայմանագրի ընդերքօգտագործմանը։ Քրեական օրենսգրքի այս հոդվածը, սակայն, դատախազության կողմից ԶՊՄԿ գործունեության դեպքում չի կիրառվել։

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ներգրավմամբ հարուցված քրեական գործերին անդրադառնալով՝ ընկերության տնօրենների խորհրդի անդամ Վահե Հակոբյանն ասում է՝ այդ գործողություններն ուղղորդվում են քաղաքական իշխանության կողմից։ ՊԵԿ-ում հարկեր չվճարելու համար քննվող քրեական գործը Հակոբյանը անհեթեթություն է համարում։ «Մենք դա բողոքարկելու ենք, ես գումարի չափը չեմ էլ հիշում։ Դա ծիծաղելի է, որովհետև հարկային մարմինը մի կողմից մեզ գովասանագիր է ուղարկում որպես օրինապահ հարկ վճարողի, մյուս կողմից գալիս է այդ քրեական գործը… որովհետև Նիկոլն է ասել՝ գնացեք, ստուգեք, գտեք ինչ-որ մի բան։ Ցանկացած բան կարելի է ասել, քննարկել, բայց ուրիշ բան է դա հիմնավորելը»,- ասաց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է ապօրինի արդյունահանման մասով տեսչական մարմնի կողմից 2019-ին հայտնաբերված փաստին, Հակոբյանն ասաց՝ դրա հետ կապված քրեական գործ չկա։ «Եթե իրենք նույնիսկ ամենափոքր հիմքիկ ունենային, վաղուց արդեն քրեական գործ հարուցել էին։ Իհարկե մեր դեմ սևեռվածություն կա»,- նշում է նա ու ավելացնում՝ իշխանություններն անտեսում են փաստերը, որ, օրինակ, կոմբինատը 7 միլիարդ դրամ սոցիալական ծրագրերին է ուղղում, օգնում է բանակին, օդանավակայան է կառուցել։

Ապօրինի ընդերքօգտագործման դրվագներով քննվում են նաև Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» և «ԱՏ-մետալս» ընկերություններին առնչվող քրեական գործեր։

Ամուլսարի գործ. երեք տարի՝ քննչական մարմիններում

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագորրծման ծրագիրը 2018-ից կաթվածահար եղավ։ Հեղափոխությունից հետո Ջերմուկի ու ազդակիր համայնքների բնակիչները փակեցին դեպի հանք տանող մուտքերը՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով հանքի շահագործման հետևանքով համայնքներին ու բնությանը հասցվող վնասի դեմ։ 

Սկսվեցին հանքավայրի շահագործումն իրականացնող «Լիդիան Արմենիա»-ի գործունեությունը ստուգող գործընթացներ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018-ին իրականացված ստուգումներից պարզվել էր, որ «Լիդիան Արմենիա»-ն ապօրինի ընդերքօգտագործմամբ է զբաղվել՝ առանց ընդերքօգտագործման իրավունքի շուրջ 3 հեկտար մակերեսով տարածքից տարհանելով բազալտանման լեռնային զանգված  և 2 հեկտար մակերեսով տարածքից կավանման լեռնային զանգված, որի հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, օգտակար հանածոյին պատճառվել է էական՝ ընդհանուր առմամբ 18 միլիոն դրամի վնաս։ Այս դրվագով քրեական գործը հարուցվել է Գլխավոր դատախազությունում ու փոխանցվել Քննչական կոմիտեին։

2018-ի հուլիսին «Լիդիան Արմենիա»-ի ներգրավմամբ մեկ այլ քրեական գործ հարուցվեց Քննչական կոմիտեում, որը վերաբերում էր ընկերության կողմից շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները թաքցնելուն։ Երկու քրեական գործերի նախաքննություններն էլ շարունակվում են, ու մեղադրյալներ չկան։

Փոխարենը շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու գործով փորձաքննություն իրականացնելու համար ներգրավվեց միջազգային կազմակերպություն՝ «Էլարդ»-ը, որը պետք է եզրակացություն տրամադրեր հանքի շահագործման ռիսկերի վերաբերյալ։ Կառավարությունն այս նպատակի համար մոտ 450.000  դոլար վճարեց «Էլարդ»-ին, իսկ վերջինիս եզրակացությունն իրարամերժ գնահատվեց քննիչների, կառավարության, «Լիդիան-Արմենիա»-ի ու բնապահպանների կողմից։

Քննչական կոմիտեում «Լիդիան Արմենիա»-ի հետ կապված քննվում է նաև ազդակիր Գնդեվազ համայնքում հողերի առքուվաճառքի գործարքները։ 2019-ի օգոստոսին պարզվել էր, որ համայնքի նախկին ղեկավար Հայրապետ Մկրտչյանը մոտ 10 հեկտարի հասնող համայնքային հողը օտարել էր որդուն՝ 410 000 դրամով, իսկ մեկ տարի անց որդին այն 147,3 միլիոն դրամով վաճառել էր «Լիդիան Արմենիա»-ին։ «Հետք»-ը վերջերս հրապարակել է հետաքննություն, ըստ որիъ Գնդեվազի նախկին համայնքապետ Հայրապետ Մկրտչյանն իր հետ փոխկապակցված անձանց, ընտանիքի անդամների, հորեղբոր որդիների, ընկերների միջոցով մեծ թվով հողեր է ձեռք բերել և դրանք շատ ավելի բարձր արժեքով օտարել «Լիդիան Արմենիա»-ի իրավանախորդ «Գեոթիմ»-ին։ Այս գործով ևս նախաքննություն է ընթանում։

«Լիդիան Արմենիա»-ի մամուլի խոսնակ Մարգարիտա Ափրոյանը քրեական գործերը որակում է որպես «ներդրումային ծրագրի դեմ կատարվող կոնկրետ գործողություններ»։ «Մենք համաձայն չենք գործերի հետ, ու միանշանակ սա վնասում է երկրի ներդրումային հեղինակությանը»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց նա։ Ընկերության ներկայացուցիչը չունի հարցի պատասխանը, թե ինչու է գործը քննվում այսքան երկար և ինչ քննչական գործողություններ են ներկայում ընթանում։

Ամուլսարի հետ կապված քրեական գործը կասկածելի հիմքերի վրա է կառուցվել. Նազելի Վարդանյան

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանն ասում է՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի հետ կապված քրեական գործի բոլոր պրոցեսուալ ժամկետները խախտվել են, իսկ ակտիվ քննչական աշխատանքի մասին վկայող փաստեր չկան։ «Քննչական կոմիտեում գործը մի քննչական խմբից անցավ մյուս քննչական խմբին, բայց սայլը տեղից չի շարժվում։ Հիմա, օրինակ, Շրջակա միջավայրի նախարարությունը հղում է անում այդ քրեական գործի վրա, որ չի կարողանում շահագործման հետ կապված որոշում կայացնել, ինչը իրականում այդ գործի հետ կապ չունի։ Որոշումներն անկախ այդ գործի ելքից պիտի կայացվեն կառավարության կողմից, ու այստեղ կապել այս կամ այն գործի հետ, տրամաբանական չէ»,- հայտարարում է Վարդանյանը։ Նա տարակուսանք է հայտնում, որ քրեական գործը տարօրինակ հիմքերի վրա է կառուցվել։ Որպես ապացույց ներկայացնում է փաստը, որ քրեական գործով տուժողներ չկան, իսկ այն անձը, որի դիմումի հիման վրա Ամուլսարի հետ կապված քրեաիրավական գործընթաց է սկսվել, չի ցանկանում որպես տուժող հանդես գալ։ Քրեական գործերի հիմքերից մեկն այն է, որ պատասխանատու պաշտոնատար անձինք հանքավայրի շահագործման դեպքում վնասների մասին տեղեկությունները թաքցրել են։ Սա, ըստ բնապահպանի, նոր Քրեական օրենսգրքով ապաքրեականացված դրույթ է ու շատ թույլ հիմք։ 

«2019-ին քննչական մարմնի ներկայացուցիչները «Լիդիան»-ի ներկայացուցիչների հետ ու «Լիդիան»-ի հետ փոխկապակցված փորձագետների հետ գնացել էին դիտարկումներ անելու։ Ամուլսարը փակած տղաներն ասել էին փորձագետներին՝ դուք անկախ մասնագետներ չեք ու եկել եք «Լիդիան»-ի մեքենաներով, երբ կգաք ձեր մեքենաներով, այդ ժամանակ մուտք կգործեք հանքի տարածք։ Նրանք հեռացել էին, ու դրանից հետո որևէ անգամ այց չի եղել, ո՛չ խոսում են ադ գործի մասին, ո՛չ էլ ընթացք կա»,- նշում է Նազելի Վարդանյանը։ Վերջինս միայն 2018-2019 թթ. ընթացքում է հիշում ակտիվ հարցաքննությունների փուլ, դրանք տևում էին 1-1,5 ժամ, իսկ այժմ ոչ մի շարժ չկա։

Հանքարդյունաբերական ոլորտում հարուցված քրեական գործերի ներկա ընթացքը բնութագրելով` Վարդանյանն ասում է՝ բոլոր գործերն ունեն նույն վախճանը. «Կառավարությունը պետք է հետամուտ լինի դրանց։ Տեսչական մարմինը ենթարկվում է վարչապետին, ու այդ ակտերի պատասխանատուն կառավարությունն ու վարչապետն են։ Եթե այդ ակտերի հիման վրա գործ չի հարուցվում, դա նշանակում է, որ քննչական մարմինը անգործության է մատնված։ Բոլոր գործերը նույն վախճանը ունեն, Քննչական կոմիտեում լուրջ փոփոխություններ պետք է լինեն»,- ասում է նա։

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գործերը՝ Քննչական կոմիտեում

Գլխավոր դատախազությունից ՍիվիլՆեթին տրամադրած պատասխաններից երևում է, որ Քննչական կոմիտեում 2019 և 2020 թվականներին հարուցված երկու առանձին գործեր են քննվում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված։ Ըստ հանքերի իրական սեփականատերերի ռեեստրի՝  «Ագարակի ՊՄԿ»-ի բաժնետոմսերի ավելի քան 95 տոկոսի սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է։

Քննչական կոմիտեում ներկայում քննվում է քրեական գործ՝ ընդերքի պահպանման ու օգտագործման կանոնների խախտման համար։ «Մեղրի համայնքի Կարճևան գյուղի մի խումբ բնակիչների կողմից ՀՀ ԱԺ պատգամավորներին հասցեագրված դիմումի համաձայն՝ «Ագարակի ՊՄԿ»-ն մոտ 10 տարվա գործունեության ընթացքում չի պահպանել ընդերքօգտագործման սահմանված կանոնները, մասնավորապես՝ հանքարդյունահանման ընթացքում իրականացվող պայթյունների հետևանքով վնասվել են բնակավայրի տները՝ դառնալով վթարային, միջոցներ չեն ձեռնարկվել հանքանյութի արդյունահանման ու տեղափոխման ընթացքում առաջացող փոշու ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ, վտանգավոր նյութերը խառնվելով ջրերին՝ վնաս են պատճառել գյուղատնտեսական նշանակության հողերին»,- մանրամասնել են դատախազությունից։

Սրանից զատ՝ քննվող մեկ այլ գործով «Ագարակի ՊՄԿ»-ի երկու աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել այլ գործով՝ կեղծ փաստաթղթեր պատրաստելու և իրացնելու համար։

«Ագարակի ՊՄԿ»-ին առնչվող երրորդ քրեական գործը հարուցվել է 2019-ի դեկտեմբերին ու  վերաբերում է Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրի հատվածում կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչամբարային տեղամասից պոչանքների՝ դեպի Արաքս գետ առատ հոսքին, որի հետևանքով գետն աղտոտվել է։ Հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ շրջակա միջավայրի աղտոտման համար։ Բոլոր գործերը միավորվել են և այժմ քննվում են մեկ վարույթով, նախաքննությունը շարունակվում է։ Ընկերությունը ՍիվիլՆեթին հայտնել է, որ չի մեկնաբանելու վերը նշված գործերը, քանի որ մեկնաբանությունները խանգարելու են նախաքննությանը։

Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը

Կառավարությունը թաքցնում է հանքերում ստուգումների արդյունքները

Որպես վարչապետ 2018-ի մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարելու է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ստուգումներ սկսել ՀՀ բոլոր մետաղական հանքավայրերում, քանի որ բազմաթիվ ահազանգեր կան այդ հանքերի գործունեության, բնապահպանական ստանդարտներին չհամապատասխանելու վերաբերյալ։ ՍիվիլՆեթը կառավարություն գրավոր հարցում էր հասցեագրել՝ տեղեկանալու, թե ստուգումներն ինչ արդյունքներ են տվել։ Ի պատասխան հայտնել են. «2018-ից մինչ այս պահը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ իրականացրել է «Լիդիան Արմենիա», «Վայքգոլդ», «Չաարատ Կապան», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Լիճքվազ», «ԱՏ մետալս» ընկերություններին ընդերքօգտագործման իրավունքով պատկանող հանքավայրերում»։ Տևական ժամանակ, սակայն, կառավարությունն ու Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինը հրաժարվում են ստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկություն տրամադրել մեզ։

ՍիվիլՆեթը հունվարին դիմել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ խնդրելով տրամադրել իրականացված ստուգումների ակտերը։ Տեսչական մարմնից մեջբերել են «Հայաստանի հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «Բ» կետն ու հրաժարվել է տրամադրել տեղեկությունը։ Ստուգումների օրենքի այս դրույթը վերաբերում է առանց ստուգման ենթարկված ընկերության պաշտոնատար անձի համաձայնության ստուգման արդյունքում հայտնի դարձած տվյալների չհրապարակմանը։ Պատասխան հարցմամբ մեջբերելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, ըստ որի

տեղեկատվության տրամադրումը չի կարող մերժվել, եթե ներկայացնում է շրջակա միջավայրի պաշտպանության ու բնության բնագավառում տիրող վիճակը, դարձյալ խնդրել ենք հանքավայրերի ստուգման ակտերը, ու տեսչական մարմինը շարունակել է այն չտրամադրել։ Դիմել ենք կառավարությանը՝ խնդրելով պարտավորեցնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին տրամադրել պահանջված տեղեկատվությունը, սակայն կառավարությունը ևս, վկայակոչելով Ստուգումների մասին օրենքը, հրաժարվել է տրամադրել տեղեկատվությունը՝ որպես պայման առաջ քաշելով հանքարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների համաձայնությունը։

Մինչև վերջերս, սակայն, տեսչական մարմինը պարբերաբար հրապարակել է հանքավայրերում իրականացված ստուգումների արդյունքում կազմած ակտերն ու տեղեկություններ տրամադրել ստուգումների արդյունքների մասին (օրինակ՝ Ամուլսարի հանքավայրում իրականացված ստուգման ակտը 2018-ին տրամադրվել է «Հետք»-ին):

Պատգամավորն ուզում է ավելացնել ռոյալթիի դրույքաչափը

Խորհրդարանական մեծամասնություն «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը մտադիր է շրջանառել օրենքի մի նախագիծ, որով հնարավոր է հանքարդյունաբերական ընկերությունների համար բարձրացվի ռոյալթիի դրույքաչափը։ «Եթե ուսումնասիրենք ռեսուրսի գինը, Չիլիից մինչ Ավստրալիա ռեսուրսի համար հարկային մեխանիզմները բարձր են, մասնավորապես  ռոյալթիի՝ բնօգատգործման վճարի դեպքում մոտեցումները բարձր են։ Այդ մասով հանքարդյունաբերության դերը պետք է կարևորել։ Կարագից մինչ մետաղ բարձրացել է գինը, ու հարկման մեխանիզմների մոտեցումը պետք է քննարկվի»,- բացատրում է պատգամավորը։ Նա հիշեցնում է՝ 2019-ի տվյալներով Հայաստանի տնտեսության կառուցվածքում մշակող արդյունաբերությունն իր ծավալներով գերազանցել է հանքարդյունաբերության մասնաբաժինին, ինչը նա մեծ ձեռքբերում է համարում։ Հետագայում, համավարակով պայմանավորված, հանքարդյունաբերությունը վերականգնել է իր դիրքերն ու հավելաճ գրանցել. «Բայց խոսել, որ Հայաստանի տնտեսության հենքը պիտի լինի հանքարդյունաբերությունն իր ներկա ստանդարտներով, այդպես չէ։ Բնապահպանական ստանդարտները էլ ավելի են կարևորվելու, ու պետք է բալանսավորված մոտեցումներ գտնել ու դրանով առաջ գնալ»։ Պատգամավորների նախագծի վերաբերյալ կառավարությունը դեռևս եզրակացություն չի հրապարակել։ 

Մեկնաբանել