Գերիների վերադարձը կրկին հետաձգվում է․ Ավինյանի գրասենյակ

Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։

ՍիվիլՆեթը հայտնել էր, որ Էրեբունի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռով Ադրբեջանում պահվող գերիներ Հայաստան չեն տեղափոխվի։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Այս պահին օդանավակայանի տարածքում հավաքվել են գերիների հարազատներ։

Այսօր Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը Երևանում անդրադարձել են Ադրբեջանում գործող ռազմագերիների վերադարձման հարցին։

Ապրիլի 7-ին Մոսկվայում բանակցություններ են ընթացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև։

Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թիվն անցնում է 200-ից։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 59 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, որոնց թվում՝ Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու և Դիլհամ Ասկերովը։ Մարտի կեսին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ներկայում Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ։

Մեկնաբանել