Գերիների մասով պայմանավորվածությունը խախտվել է, հակառակորդը խաղի կանոններ է ուզում փոխել․ Քոչարյան

Գերիների վերադարձի մասով եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել են։ Հակառակորդ կողմը հերթական անգամ խաղի կանոններ է ուզում փոխել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Դուք ինքներդ տեսաք, որ օդանավի մեջ, ենթադրում եմ, Մուրադովը պետք է լիներ և ինքը կար։ Իսկ դա նշանակում է, որ եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել են։ Խախտման պատճառները հասանելի չեն։ Ենթադրությունների դաշտում եթե ուզում եք ասեմ՝ հերթական անգամ, երևի, խաղի կանոններ է ուզում փոխել հակառակորդ կողմը»,- նշեց նա։

Ըստ Քոչարյանի՝ ադրբեջանական կողմը գերիներին պահում է Հայաստանում լարվածություն առաջացնելու համար․ «Դա տարածքների հետ որևէ կապ չի կարող ունենալ, որովհետև գերիներով չի, որ տարածքային խնդիր կարող են քննարկել»։

Ապրիլի 8-ին տեղեկություններ տարածվեցին, գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ավելի ուշ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտարարեցին, որ գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է։

Ապրիլի 8-ին Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը Երևանում անդրադարձել էին Ադրբեջանում գործող ռազմագերիների վերադարձման հարցին։

Ապրիլի 7-ին Մոսկվայում բանակցություններ էին ընթացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Հանդիպման հաջորդ օրը հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև։

Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թիվն անցնում է 200-ից։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 59 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, որոնց թվում՝ Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու և Դիլհամ Ասկերովը։ Մարտի կեսին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ներկայում Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ։

Մեկնաբանել