«Որևէ մեկի մտքով չի կարող անցնել՝ օգտագործել գերիների թեման վարկանիշի համար»․ Ավինյանի գրասենյակ

«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը գերիների վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել, և որևէ լրատվամիջոց առանձին կարգով այդ մասին կանխավ չի տեղեկացվել»․ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Ավինյանի գրասենյակից։

«Freenews.am կայքին փոխվարչապետի մամուլի քարտուղարի կողմից որևէ հաստատում չի տրվել։

Գերիների վերադարձն այն աստիճան կարևոր և զգայուն թեմա է, որ որևէ մեկի մտքով անգամ չի կարող անցնել՝ օգտագործել այն վարկանիշի համար։ Իշխանությունն ամենաշահագրգռվածն է խնդրի հրատապ և արդյունավետ կարգավորման համար, և այդ ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով։ Պաշտոնական որևէ հաստատված տեղեկություն ունենալու պարագայում փոխվարչապետի գրասենյակն այդ կապակցությամբ մշտապես հանդես է գալիս հայտարարոթյամբ։

Չնայած ԶԼՄ-ների՝ չդադարող զանգերին և տեղեկատվություն ներկայացնելու պահանջներին՝ նախկինում պաշտոնական հաստատում տեղի է ունեցել միայն ինքնաթիռի վայրէջքից և գերիների վերադարձի փաստի հաստատոմից հետո։

Այս անգամ նույն գործելաոճը պահպանվել է, սակայն որոշ ԶԼՄ-ներ հանրայնացրել են իրենց մասնավոր աղբյուրներից ստացված տեղեկությունները, ինչը տեղեկատվական շփոթի է հանգեցրել։

Համոզված ենք՝ գերիների վերադարձի հարցում հարկ է առաջնորդվել միայն պաշտոնական, վերջնական հաստատված տեղեկատվությամբ»,- պարզաբանել են փոխվարչապետի գրասենյակից։

***

Ապրիլի 8-ին տեղեկություններ տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ավելի ուշ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտարարեցին, որ գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է։

Ապրիլի 8-ին Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը Երևանում անդրադարձել էին Ադրբեջանում գործող ռազմագերիների վերադարձման հարցին։

Ապրիլի 7-ին Մոսկվայում բանակցություններ էին ընթացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Հանդիպման հաջորդ օրը հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև։

Հայկական կողմից հնչող հայտարարությունների համաձայն՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թիվն անցնում է 200-ը։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 59 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, որոնց թվում՝ Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու և Դիլհամ Ասկերովը։ Մարտի կեսին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ներկայում Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել