«Ձեր պաշտոնյաները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»․ Մուրադովը՝ hraparak.am-ին

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայտարարել է, որ Հայաստանի պաշտոնատար անձինք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը։

Hraparak.am-ի հարցին, թե ինչո՞ւ էին Հայաստանի պաշտոնատար անձինք ապրիլի 8-ին հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան, Մուրադովը պատասխանել է․ «Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ռուստամ Մուրադովը հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ապրիլի 8-ին տեղեկություններ տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ավելի ուշ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտարարեցին, որ գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է։

Ապրիլի 8-ին Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը Երևանում անդրադարձել էին Ադրբեջանում գործող ռազմագերիների վերադարձման հարցին։

Ապրիլի 7-ին Մոսկվայում բանակցություններ էին ընթացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Հանդիպման հաջորդ օրը հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև։

Հայկական կողմից հնչող հայտարարությունների համաձայն՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թիվն անցնում է 200-ը։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 59 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, որոնց թվում՝ Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու և Դիլհամ Ասկերովը։ Մարտի կեսին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ներկայում Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ։

Մեկնաբանել