Գերիների վերադարձի հարցով Հայաստանի օմբուդսմենը դիմել է Եվրոպայի խորհրդին

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով այսօր՝ ապրիլի 9-ին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե: Այս մասին հայտնում են Հայաստանի օմբուդսմենի գրասենյակից։ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Ներկայացված հատուկ հաղորդումը կապված է այն փաստի հետ, որ 2021թ. մարտի 9-ին ՄԻԵԴ-ը հրապարակային ծանուցում է ուղարկել նախարարների կոմիտե՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը չի պահպանում գերիների հարցով դատարանի սահմանած ժամկետները, դատարանին տրամադրում է ընդհանրական ու սահմանափակ տեղեկություններ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման մեջ ցույց է տրված, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»: 

Հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:

Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Բացարձակ դատապարտելի է, որ ադրբեջանական իշխանությունները չեն հրապարակում իրենց երկրում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների իրական թիվը: Նրանք դրանով կրկնակի տառապանքներ են պատճառում անհայտ կորած անձանց ընտանիքներին, քանի որ նրանց համար առավել ևս անորոշ է դառնում վիճակը և սա էլ այն ֆոնին, որ ադրբեջանական իշխանություններն անընդհատ խոչընդոտում են մարմինների որոնողական և հայտնաբերման աշխատանքները:

Այս հարցերի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացության և թշնամանքի քաղաքականության համատեքստում:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին ուղղված դիմումում ներկայացված է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պահանջների հանգամանալից վերլուծություն, կոնկրետ օրինակներով ցույց են տրված մարդու իրավունքների խախտումները և բարձրացված է գերիների անհապաղ վերադարձին աջակցելու հարց: 

Այս ամենի հետ միասին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Հայաստանի պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են գերիների և անհայտ կորածների ընտանիքների հետ ապահովել պատշաճ հաղորդակցություն, նրանց տրամադրել սպառիչ տեղեկություններ, գործել համակարգված, ինչպես նաև ուշադիր լինել սեփական յուրաքանչյուր խոսքի նկատմամբ՝ բացառելու համար որևէ լարվածություն»,- նշված է հայտարարությունում։