Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հակադարձել է Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հակադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանը։ Հոգլանդը, խոսելով Մինսկի խմբի ռուս նախկին համանախագահ Իգոր Պոպովի ավելի վաղ հարցազրույցում հնչեցրած հայտարարության մասին, որ «եթե նույնիսկ հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնեին Լավրովի պլանին, միևնույն է, ռուսական կողմը չէր գնա դրա իրականացմանը»:

Tert.am կայքը հարց է ուղղել Զախարովային, թե որքանով է այդ հայտարարությունը համապատասխանում իրականությանը։

«Բացարձակապես չի համապատասխանում. Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել կարգավորման այն տարբերակին, որին կհամաձայնեին հակամարտության կողմերը։ Այս մասին բազմիցս ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Այս դիրքորոշումը որոշիչ է ռուսական համանախագահության աշխատանքում»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, թե չի պատրաստվում գուշակել, թե ինչով էր առաջնորդվում Հոգլանդը նման հայտարարություն անելիս։

«Ցանկանում եմ ընդգծել, որ կարգավորման առաջարկների փաթեթը, բացի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հռչակագրից, ներառել է նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը՝ ի աջակցություն դրա։ Այդ երկու փաստաթղթերը, գումարած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, կազմում էին այն ժամանակի ռուսական առաջարկների էությունը, որոնց մասին մանրամասն տեղեկացված էին համանախագահ մյուս երկրները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, և որոնք դրան լիովին աջակցում էին»,- ասել է Զախարովան։