Նախագահը չի ստորագրի Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենքը և կդիմի Սահմանադրական դատարան

Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենքը։ Արմեն Սարգսյանը դիմելու է Սահմանադրական դատարան՝ օրենքի փոփոխության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. մարտի 22-ին:

Հանրապետության նախագահը օրենքը քննարկել է արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի հետ և ստացել նրանց պարզաբանումները: Օրենքը քննարկվել է նաև ԲԴԽ նախագահի, իրավաբան գիտնականների, փորձագետների և փաստաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, լսվել են նրանց նկատառումներն ու մտահոգությունները:

Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է դատաիրավական ոլորտում բարեփոխումները և գտնում է, որ դրանք պետք է կատարվեն համակարգային ձևով՝ հստակ ռազմավարության հիման վրա՝ ընդհանուր տեսլականի շրջանակում: Այդ տեսլականը և ռազմավարությունը պետք է հիմնված լինեն գործնականում առկա և իսկապես արդիական խնդիրների, փորձագիտական ուսումնասիրությունների և միջազգային փորձի լուրջ վերլուծության վրա, առաջարկեն համակարգային և տրամաբանորեն փոխկապակցված լուծումներ՝ ուղղված դատական համակարգի դերի և գործունեության արդյունավետության բարձրացմանը, արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացմանը, ինչպես նաև դատավորների անկախության ու անձեռնմխելիության երաշխիքների ամրապնդմանը:

Օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից:

Ելնելով վերոհիշյալից և ամփոփելով փորձագիտական եզրակացությունները՝ կարելի է եզրահանգել, որ օրենքը առերևույթ հակասում է Սահմանադրությանը, ուստի նախագահը որոշել է դիմել Սահմանադրական դատարան «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»,- ասվում է հայտարարությունում։

Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները հետևյալն են։ Առաջարկվում է որպես դատական սանկցիայի առանձին տեսակ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը, իր դատավարական իրավունքներից օգտվելիս, պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահի ապահովումը:

Առաջարկվում է նաև Բարձրագույն դատական խորհրդին օժտել դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ՝ նախատեսելով, որ վերջինիս իրացման ուղղությամբ ԲԴԽ իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Նախագծի մեկ այլ կետով առաջարկվում է, որպեսզի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, Արդարադատության նախարարից և Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք ունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք։