Ֆրանսիացի հանրային գործիչները հանդես են եկել հայ ռազմագերիների ազատ արձակման կոչով

Լուսանկարը՝ Le Point-ի

Ֆրանսիական Le Point պարբերականում լույս տեսած սյունակում ֆրանսիացի քաղաքական գործիչները, արվեստագետները, դերասաններն ու մտավորականները Ֆրանսիայի կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման համար։ Ստորագրողների թվում են դերասաններ Սիմոն Աբգարյանը և Արիան Ասկարիդը, սենատոր Վալերի Բուայեն, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և փիլիսոփա Բեռնար Անրի-Լևին: Մոտ 200 հայեր դեռ գերության մեջ են Ադրբեջանում, և ըստ Human Rights Watch-ի ՝ նրանք բռնության են ենթարկվում ադրբեջանական վարչակարգի կողմից։ Ֆրանսիական Le Point-ում լույս տեսած սյունակի թարգմանությունը՝ ստորև։

Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ստորագրումից չորս ամիս անց ֆրանսիացի հասարակական գործիչները պահանջում են ազատ արձակել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին:

2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից հրադադարի համաձայնագրի ստորագրումից չորս ամիս անց Բաքվի վարչակարգը դեռ հրաժարվում է կատարել այդ համաձայնագրի հիմնական մարդասիրական կետերից մեկը՝ ռազմագերիների ազատումը: Ըստ հաշվարկների՝ մոտ 200 հայ ռազմագերիներ դեռ գտնվում են այս նավթային բռնապետության բանտերում: Փետրվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայերին համարում է «ահաբեկիչներ»՝ պնդելով, որ նրանց ձերբակալությունը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ից հետո: Սակայն այդ օրը այդ զինծառայողները ծուղակի մեջ էին հայտնվել Հադրութում ՝ հակամարտության հիմնական ճակատներից մեկում, որը հրադադարի կնքման պահին պաշարված էր, բայց դեռ գրավված չէր թուրք-ադրբեջանա-ջիհադական ուժերի կողմից։

Այս պատրվակն օգտագործելով՝ Ադրբեջանի ղեկավարը կոպտորեն խախտում է իր պարտավորությունները։ Ստորագրված փաստաթղթի այս արհամարհումը փշրում է 1915-ի Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց կենդանի մնացած հայ ժողովրդի՝ իր նախնիների հողում բնականոն կյանքին վերադառնալու հույսը: Դա կարող է մեկնաբանվել միայն որպես ատելության նոր ալիք այս ազգության նկատմամբ, որին Ալիևը խոստացել էր «որսալ շների պես»: Եվ այս ամենը՝ 44 օր տևած ռազմական ագրեսիայից, ռմբակոծություններից և բռնություններից հետո, որոնք հանգեցրին 3 500 հայ զորակոչիկների մահվան (մեծ մասը՝ 20 տարեկան) և տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանման։

Հարձակման ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող համակարգված պատերազմական հանցագործությունները, մասնավորապես, զինվորների, ինչպես նաև հայ քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների, մահապատիժների, դիակների խեղումների տեսանյութերի ցուցադրական տարածումը սարսափ է ներշնչում նրանց, ում ճակատագիրն այժմ այդ վարչակարգի կամայականությունների զոհ է, վարչակարգ, որը Freedom House-ի՝ վերջերս հրապարակված «Ազատության և ժողովրդավարության մասին» զեկույցում աշխարհի երկրների ցանկում ամենավերջիններից է։ Այս վարկանիշը հաստատվում է իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների բոլոր զեկույցներում, ներառյալ՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպութան, որի մամուլի ազատության վարկանիշում Ադրբեջանը 180 երկրների շարքում 168-րդ տեղում է։

Այս կոչը ստորագրողները հորդորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիային, որը զբաղվում է հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններով, օգտագործել իր բոլոր գործիքները՝ հայ ռազմագերիների ազատ արձակման համար: Եթե ԵԱՀԿ-ի կողմից մանդատ ստանձնած այս խումբը չի կարողացել կանխել պատերազմը կամ պաշտպանել զոհերին, ապա թող գոնե ապահովի հրադադարի ռեժիմի մարդասիրական այս կետի իրականացումը։ Խնդիր, որը, կարծես, նախապայման է բանակցային ճանապարհով խաղաղության հաստատման, այս տարածաշրջանում բռնության նկատմամբ օրենքի գերակայության համար, տարածաշրջան, որը չի կարելի միայնակ թողնել ամբողջատիրության, պանթուրքիզմի և բարբարոսության ճիրաններում:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել