Հայ գերիների վերադարձի հարցով շարունակելու է զբաղվել Մուրադովը․ Կոպիրկին

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը Ռուսաստանի համար առաջնահերթ խնդիրներից է։ Այս մասին «Մոսկվայի տանը» լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից հայ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են։ Դեսպանը հայտնեց, որ գերիների վերադարձի հարցով շարունակելու է զբաղվել անձամբ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական իշխանությունների հայտարարություններին, որ գերիների հարցը արդեն լուծված է, Կոպիրկինը նշեց, որ ռուսական կողմը շարունակում է աշխատանքներ տանել գերիների վերադարձի ուղղությամբ․ «ինձ համար դժվար է մեկնաբանել ադրբեջանական կողմի հայտարարությունը, որքան ես տեղյակ եմ, աշխատանքները շարունակվում են»։

Ապրիլի 8-ին տեղեկություններ տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ավելի ուշ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտարարեցին, որ գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է։

Հայկական կողմից հնչող հայտարարությունների համաձայն՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թիվն անցնում է 200-ը։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 59 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, որոնց թվում՝ Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու և Դիլհամ Ասկերովը։ Մարտի կեսին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ներկայում Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ։

Մեկնաբանել