2020թ. կոռուպցիոն քրեական գործերով 26,6 տոկոսով ավելի շատ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են հետապնդման ենթարկվել

Հայաստանի քննչական մարմիններում 2020-ին ավելի քիչ քրեական գործ է հարուցվել կոռուպցիոն հանցագործությունների փաստով, քան 2019-ին։ Ընդհանուր առմամբ անցյալ տարի 167-ով կրճատվել է կոռուպցիոն գործերի թիվը։ Այդ մասին հաղորդում է գլխավոր դատախազությունը։

Քննված կոռուպցիոն գործերի նվազումը, ըստ դատախազության, պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեական օրենսգրքում կոռուպցիոն հանցագործությունների ցանկում հանցակազմերի թիվը պակասել է՝ 70-ից հասնելով 28-ի, բացի այդ քրեական գործեր հարուցելուն խանգարել են կորոնավիրուսն ու պատերազմը։

Անցյալ տարի քննչական մարմինները ավարտել են 716 քրգործի վարույթ, որից 183-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Ընդհանուր առմամբ քրեական հետապնդման է ենթարկվել 1 356 անձ, որոնցից 204-ը հետագայում արդարացվել են։

Նախորդ տարվա համեմատ 2020-ին 2,5 միլիարդ դրամով ավել գումար է վերականգնվել։ Ըստ դատախազության հաղորդագրության՝ արգելանք է դրվել 84,5 միլիոն դրամի, 5,9 միլիարդ դրամի հաշիվների, 87 շարժական ու 149 անշարժ գույքի վրա։

2020թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 671-ը պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ են, ընդ որում՝ նրանց թիվը 2019թ. համեմատ (530) ավելի է 26,6 տոկոսով:

Մեկնաբանել