Ռուսաստանի նախկին արտգործնախարար, Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության աշխատանքը, և արդյոք այն շա՞տ է տարբերվում Մերձդնեստրի նմանատիպ գործողությունից, Կարասինը պատասխանել է․
«Տարածաշրջանում մեկնարկել է խաղաղապահ գործողություն, որի զորակազմը համալրված է ռուս զինծառայողներով: Սա արդեն նշանակալի արդյունք է:
Այժմ հարցերի հիմնական մասը կապված է մարդասիրական խնդիրների հետ՝ ռազմագերիների փոխանակում, զոհվածների աճյունների վերադարձ, փախստականներ ու նրանց համար բնակության անհրաժեշտ պայմանների ստեղծում: Սուր է դրված Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա հարակից շրջանների ականազերծման հարցը։
Իհարկե, շատ բան կախված կլինի նրանից, թե որքան շուտ կողմերի միջև վստահություն կհաստատվի։ Հստակ քայլերն արդեն արված են: Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ շարունակվում են քաղաքական հարցերի քննարկումները, որոնվում են ուղիներ: Փոխվարչապետերի մակարդակով ակտիվ աշխատում է եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, նյութատեխնիկական ապահովման խնդիրներ»։
Արձագանքելով հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներգրավել այս գործընթացներում, Կարասինը կարծիք է հայտնել, որ «նրանք կարող էին օգտակար դեր ունենալ այս աշխատանքում»:
«Այս եռյակը ունի փորձ և արտաքին ամուր աջակցություն: Ենթադրվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև պարբերական հանդիպումների փորձը կարելի է վերականգնել, ինչը շոշափելի միջազգային հնչեղություն կստանար»,- ասել է Կարասինը։
Նա հորդորել է չհամեմատել ղարաբաղյան իրավիճակը Մերձդնեստրի հակամարտության հետ։ Ըստ նրա՝ շատ տարբեր են Էթնիկ, դավանաբանական և աշխարհագրական պարամետրերը։
Լիա Ավագյան