Ալիևը պատասխան է պահանջում Շուշիում «Իսկանդեր-Մ»-ի կիրառման վերաբերյալ

Ադրբեջանը դեռ պաշտոնական պատասխան չի ստացել այն հարցին, թե ինչպես են «Իսկանդեր-Մ» հրթիռները հայտնվել Հայաստանի տրամադրության տակ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի Բաքվում ռազմավարների զբոսայգու բացմանը, որտեղ ցուցադրված են Շուշի քաղաքում հայտնաբերված հրթիռի բեկորները: Դրանք, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկանում են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներին:

Զբոսայգում Ալիևը, որը մինչ օրս խոսել էր պատերազմում «Իսկանդերի» գործածման հստակ տվյալների բացակայության մասին, այժմ մեկ րոպե տևողությամբ տեսանյութում հատուկ անդրադառնում է այս խնդրին:

«Որտեղի՞ց են այդ հրթիռները («Իսկանդեր-Մ») Հայաստանի տրամադարության տակ հայտնվել։ Նրանք դա չպետք է ունենային։ Մենք ցանկանում ենք ստանալ պատասխան այն հարցին, թե ինչպես է այդ մահացու զենքը հայտնվել հայերի ձեռքում։ Մենք դեռ պատասխան չենք ստացել այդ հարցին, բայց կստանանք», – վստահեցրել է Ալիևը:

Ավելի վաղ Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) ներկայացուցիչը հայտարարել էր, որ հայկական կողմը 2020թ. ղարաբաղյան պատերազմի ընթացքում օգտագործել է «Իսկանդեր» հրթիռային համալիրները: Ադրբեջանի ականազերծման գործակալության ներկայացուցչի խոսքով՝ ստուգման ընթացքում ադրբեջանցի մասնագետները պարզել են, որ ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածքներում հայտնաբերված 9մ723 տարբերակիչ համարով բեկորները, որոնք պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրին:

Այնուհետև նույն գործակալությունը հստակեցրել է՝ բեկորները պատկանում են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրին, որը պաշտոնական տվյալներով Հայաստանում առկա չէ: Ըստ այդմ, փորձագետների կարծիքով, ադրբեջանական կողմը, խոսելով «Իսկանդեր-Մ»-ի կիրառման մասին, իր դժգոհությունն է հայտնում Մոսկվային:

Ապրիլի 3-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ի պատասխան Ղարաբաղում «Իսկանդերի» կիրառման մասին լրագրողների հարցին, նշել է, որ Ռուսաստանը սովոր է, որ տարբեր քաղաքական շրջանակներ, տարբեր գործիչներ ենթադրություններ կամ մեղադրանքներ են հնչեցնում: «Բայց ես կարծում եմ, որ կա պաշտոնական դիրքորոշում, որը բավականին հստակ է և որով պետք է կողմնորոշվել», – ասել է Կոպիրկինը՝ նկատի ունենալով, որ պաշտոնական Մոսկվան հերքում է «Իսկանդերների» կիրառման մասին վարկածը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս խնդրի վերաբերյալ հայտարարել է, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրները չեն կիրառվել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում:

Հարցին, թե հայտնի է արդյոք Ռուսաստանի նախագահին ղարաբաղյան հակամարտության գոտում «Իսկանդեր» հրթիռի ռուսական բեկորի հայտնաբերման մասին ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը, Պեսկովը տվել է հետեւյալ պատասխանը. «Ոչ, որքան ես հասկանում եմ, դա նոր տեղեկատվություն է ։ Ինձ հայտնի չէ, արդյոք դա զեկուցել են զինվորականների գծով, արդյոք մեր զինվորականները դրա մասին ինչ-որ մանրամասն տեղեկություններ ունեն։ Դա, իհարկե, ավելի շատ նրանց պատասխանատվության տիրույթն է»։

Անցյալ տարվա նոյեմբերին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ «Իսկանդեր» օպերատիվ տակտիկական հրթիռային համալիրներն օգտագործվել են պատերազմի վերջին օրերին։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այս տարվա փետրվարին հարցազրույցներից մեկում նշել էր, որ համալիրներից կրակել են Շուշիի ուղղությամբ։

Թեման զարգացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո, որում նա ասել էր, թե «հրթիռները պայթել են 10 տոկոսով»։ Հայտարարությունը քննադատության է արժանացել ռուսաստանյան քաղաքական և փորձագիտական շրջանակներում, իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ «պարոն Փաշինյանին, հավանաբար, մոլորեցրել են․ «Իսկանդերը» հակամարտության ժամանակ չի կիրառվել»։ Ավելի ուշ Կրեմլը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրակացության, որ «իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերների» մասին»։ Կրեմլին այս պարզաբանումը բավարարել է։

Մեկնաբանել