Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ «Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր» կնքելու հնարավորություն կա։ Այս միտքը Ալիևը հնչեցրել է Բաքվում ընթացող համաժողովի ժամանակ։
«Մենք կարծում ենք, որ հակամարտության էջը փակված է։ Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի հնարավորության մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ «դա է իրենց ծրագիրը, սակայն հայկական կողմից նման ազդանշաններ չկան»։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ իրավիճակը շարունակում է փխրուն մնալ»։
Ալիևը կոչ է արել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը փոխգործակցել՝ «հանուն տարածաշրջանում խաղաղության կառուցման»։ Նա միևնույն ժամանակ գանգատվել է․ «Նրանցից ոչ ոք (Հայաստանի քաղհասարակությունից – խմբ․) ոչ թե ոչ մի դրական բան, այլ նույնիսկ չեզոք բան չի ասի Ադրբեջանի մասին։ […] Հակամարտությունը կարգավորված է, պետք է նայել ապագային»։
Իլհամ Ալիևի՝ ապրիլի 13-ի՝ իբր խաղաղությանը միտված հայտարարությունները հաջորդել են նախօրեին Բաքվում այսպես ասած՝ ռազմավարների պուրակի բացմանը, որում ցուցադրված է հայկական զինվորական տեխնիկա, հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրերը և զոհված զինվորականների սաղավարտներ։ Այս առնչությամբ հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։