Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի պատճառով դատարան չէր եկել, նա առաջին անգամ վարակվել էր հոկտեմբերին

Ապրիլի 13-ին առաջին ատյանի դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ վերսկսվեց կաշառքի գործը, որով անցնում է պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը, Քոչարյանը, սակայն, դատարան չէր եկել։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը բժշկական ցուցումով կորոնավիրուսի թեստ է հանձնել՝ ելնելով իր մոտ առկա ախտանշաններից։ Ըստ Ալումյանի՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում։ Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Վարդևանյանը ևս դիմում էր ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ կորոնավիրուսի թեստ հանձնելու պատճառով մեկուսացել է։

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի մոտ կորոնավիրուս հայտնաբերվել էր 2020-ի հոկտեմբերի 30-ին։ Այդ ժամանակ նա պետք է մեկներ Մոսկվա և հանձնել էր կորոնավիրուսի թեստ, որի արդյունքը դրական էր։

Մեղադրողը հայտնեց, որ փաստաբանների ներկայացրած փաստաթուղթը վերացական է, սակայն դատարանն ի վերջո որոշեց նիստը հետաձգել ու նշանակել մայիսին։

Այսօրվա նիստին պետք է սկսվեր կաշառք ստանալու մեղադրանքով գործի քննությունը։ Ըստ մեղադրանքի՝ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 մլն դրամին համարժեք 3 մլն դոլար կաշառք։

Ապրիլի 6-ին նույն դատավորի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ճանաչել էր Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

Սահմանադրական դատարանի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդել էր Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի անվավեր ճանաչվելու հիմքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնել։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել