Նաիրա Զոհրաբյանի՝ որպես ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցվեցին

Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումը, որով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցվում են։ Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում գրել է Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։

Վճիռը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության առաջարկով դեկտեմբերի 29-ին դադարեցվել էին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները:

«Իմ քայլի» նախագծի հիմնավորման մեջ ասված էր, որ Նաիրա Զոհրաբյանը լինելով Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ. Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք»։

Ըստ «Իմ քայլի»՝ նման բառապաշարով հանդես եկող անձը չի կարող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները։

«Բարգավաճ Հայաստանը» «Իմ քայլի» նախագիծը որակել էր հակասահմանադրական և Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցով դիմել էր Սահմանադրական դատարան։

Մեկնաբանել