Ինչպես կարող է Ուկրաինայի շուրջ աճող լարվածությունն անդրադառնալ Հարավային Կովկասի վրա

Վերջին մեկուկես ամսվա ընթացքում հետխորհրդային տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների էպիկենտրոն է դարձել Ուկրաինան։ 2021 թ. փետրվարի վերջից սկսած գրեթե ամեն օր Դոնբասում արձանագրվում են հրադադարի խախտումներ, այդ թվում ականանետների կիրառմամբ։ Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, հակամարտող կողմերը միմյանց են մեղադրում իրավիճակի սրման և խաղաղ կարգավորման գործընթացը խափանելու մեջ։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի պատճառներ՝ Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակից մինչև Արևմուտք – Ռուսաստան հարաբերություններ։

Վերջին մեկ տարվա ընթացքում նախագահ Զելենսկու վարկանիշը Ուկրաինայում էական անկում է արձանագրել։ Չնայած նախընտրական խոստումներին՝ Զելենսկուն առայժմ չի հաջողվել որևէ հաջողություն արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում կամ բարելավել բնակչության կենսամակարդակը։ Ավելին, նախագահի մերձավոր շրջապատի անձինք իրենք են հայտնվել կոռուպցիոն սկանդալների մեջ։ Ազգայնական շրջանակներն ի սկզբանե կասկածանքով էին վերաբերվում Զելենսկու՝ Դոնբասում պատերազմն ավարտելու նախընտրական խոստումներին և 2019 թ. նախագահական ընտրություններից անմիջապես հետո սկսեցին վերջինիս մեղադրել ազգային դավաճանության և Կրեմլի գործակալ լինելու մեջ։

Ստեղծված իրավիճակում Դոնբասի խնդրում դիրքորոշման կոշտացումը նախագահ Զելենսկին դիտարկում է որպես սեփական վարկանիշի հետագա անկումը կանխելու միջոցներից մեկը։ Պատահական չէ, որ վերջին շրջանում Ուկրաինայի տարբեր պաշտոնատար անձինք հայտարարում են 2015 թ. Մինսկյան համաձայնություններում փոփխություններ կատարելու անհրաժեշտության մասին՝ պնդելով, որ ստորագրված համաձայնագիրը հակասում է Ուկրաինայի ազգային շահերին։ Իրավիճակի հետագա սրումը և լայանածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը հնարավորություն են տալիս Զելենսկուն հասարակության մի զգալի մասին համախմբել իր շուրջ՝ ընդդեմ արտաքին թշնամու, ինչը բավականաչափ ընդունված տակտիկա է ներքաղաքական գործընթացներում։

Լարվածությունը Դոնբասում և դրսի շահերը

Սակայն Դոնբասում լարվածության աճը և Ուկրաինայի դիրքորոշման կոշտացումը պայմանավորված չէ միայն ներքաղաքական գործոններով։ Ռազմական գործողությունների վերսկսումը ոչ միայն հնարավորություն կտա Բայդենի վարչակազմին նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, այլև հակառուսական քաղաքականության շուրջ համախմբել Եվրամիության ծանրքաշայիններին, առաջին հերթին՝ Գերմանիային և Ֆրանսիային։ Առայժմ թե՛ Բեռլինը, թե՛ Փարիզը առանձնապես ոգևորված չեն աշխարհում ԱՄՆ-ի բացարձակ գերիշանությունը վերականգնելու Բայդենի վարչակազմի ցանկությունից և չեն պատրաստվում հանուն այդ նպատակի ակտիվորեն ներգրավվել ԱՄՆ-ի՝ Չինաստանի և Ռոսւաստանի դեմ ընթացող պայքարում։ Սակայն Ուկրաինայում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Գերմանիայի և Ֆրանսիայի համար շատ ավելի դժվար կլինի Ռուսաստանի նկատմամբ հարաբերական չեզոքության պահպանումը։ Այս համատեքստում առանցքային նշանակություն ունի «Հյուսիսային հոսք – 2» գազամուղի ճակատագիրը։ Չնայած ԱՄՆ-ի ջանքերին, գազամուղի շինարարությունը մոտենում է ավարտին, և Գերմանիան շարունակում է պնդել, որ Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական խնդիրները չպետք է խոչընդոտեն գազամուղի գործարկմանը։ Սակայն Ուկրաինայում նոր լայնածավալ պատերազմի դեպքում Գերմանիային շատ դժվար կլինի շարունակել գազամուղի նախագծին ցուցաբերվող աջակցությունը։

Ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում Ռուսաստանը շահագրգռված չէ իրավիճակի հետագա սրմամբ։ Ռուսաստանը ևս չի կարող դիտորդի դեր ստանձնել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական Հանրապետությունների դեմ ռազմական ինտենսիվ գործողությունների սկսման դեպքում։ Մոսկվան հստակ ուղերձներ է հղում արևմտյան գործընկերներին, որ խոշոր սադրանքի դեպքում իր արձագանքը լինելու է կոշտ, և այդ դեպքում Ռուսաստանը կարող է չբավարարվել միայն ստատուս քվոյի պահպանմամբ։

Ուկրաինայում զարգացումները և Հայաստանը

Հայաստանի տեսանկյունից Ուկրաինայում ընթացող զարգացումները կարևոր են ռուս-թուրքական հարաբերությունների վրա դրանց ազդեցության և այդ համատեքստում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նոր իրողությունների հնարավոր ձևավորման համատեքստում։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարողացել են տարանջատել տարբեր տարածաշրջաններում իրենց հարաբերությունները։ Մրցակցելով Սիրիայում, Լիբիայում և սևծովյան տարածաշրջանում՝ կողմերն առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում համագործակցում են Հարավային Կովկասում, ինչի ապացույցն է նաև Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում ռուս-թուրքական մոնիտորինգային համատեղ կենտրոնի ստեղծումը։ Սակայն թուրք-ուկրաինական հարաբերությունների ինտենսիվ ծավալումը կարող է խախտել այդ հավասարակշռությունը։

Մոսկվայում ուշադիր հետևում էին ապրիլի 10-ին նախագահ Զելենսկու՝ Թուրքիա կատարած այցելությանը։ Ռուսաստանին անհանգստացնում են ոչ միայն նախագահ Էրդողանի հայտարարությունները Ղրիմի անեքսիան չճանաչելու վերաբերյալ, այլև թուրք – ուկրաինական խորացող ռազմատեխնիկական համագործացությունը, այդ թվում՝ թուրքական անօդաչու սարքերի համար ուկրաինական շարժիչների մատակարարումը և Ուկրաինայի կողմից «Բայրաքթար» դրոնների հավելյալ խմբաքանակի ձեռք բերումը։ Կրեմլում գտնում են, որ Թուրքիան իր ուկրաինական քաղաքականությունը համաձայնեցնում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ, ինչը Ռուսաստանի համար բացարձակապես անընդունելի է։ Պատահական չէ, որ Զելենսկու այցից անմիջապես հետո Ռուսաստանը հայտարարեց ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու որոշման մասին՝ այդ քայլը պատճառաբանելով Թուրքիայում կորոնավիրուսային համավարակի տարածման տեմպերի աճի հետ։ Սակայն փորձագիտական շրջանակները այս քայլը դիտարկում են որպես Թուրքիային ուղղված նախազգուշացում։

Ադրբեջանի խայթոցները Մոսկվային

Ուկրաինական խնդրում ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին առանձնահատուկ հետաքրքություն են ներկայացնում վերջին օրերին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ռուսաստանին ուղղվող մեղադրանքները՝ Արցախյան երկրորդ պատերազմի վերջին օրերին Հայաստանի կողմից «Իսկանդեր-Մ» զինատեսակի ենթադրյալ կիրառման հետ։ Ռուսաստանը Հայաստանին է վաճառել «Իսկանդեր» տիպի համակարգ, սակայն արդեն մոտ երկու շաբաթ է՝ Ադրբեջանը պնդում է, որ Շուշիում հայտնաբերվել են «Իսկանդեր-Մ» համակարգի հրթիռների մնացորդներ․ և Ռուսաստանից բացատրություն է պահանջում դրանց՝ Հայաստանում հայտնվելու առնչությամբ։

Այսօր Ադրբեջանի Դիվանագիտական ակադեմիայում ունեցած ելույթում նախագահ Ալիևը հայտարարել է, որ այս հարցը բարձրացրել է նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական նամակ է հղել Ռուսաստանի իր գործընկերոջը համապատասխան լուսանկարներով, սակայն առայժմ Ռուսաստանից որևէ պատասխան չի ստացվել։ Չի կարելի բացառել, որ ամենաբարձր մակարդակով Իսկանդերի թեմայի բարձրացումը Ադրբեջանն իրականացնում է Թուրքիայի խնդրանքով՝ դրանով անուղղակիորեն ներգրավվելով ռուս-թուրքական հարաբերություններում։

․․․

Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները Հարավային Կովկասում ռուս-թուրքական հարաբերությունների և տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության վրա։ Առայժմ հիմքեր չկան պնդելու Հարավային Կովկասում ռուս-թուրքական համագործակցության մոտալուտ դադարի մասին։ Մի քանի օր առաջ կայացած Էրդողան – Պուտին հեռախոսազրույցի ընթացքում կողմերը շեշտել են Հարավային Կովկասում կոմունիկացիաների վերագործարկման գործընթացի արագացման կարևորությունը։ Սա նշանակում է, որ առայժմ Ռուսաստանը և Թուրքիան հակված են պահպանել տարածաշրջանի հետագա զարգացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սակայն իրավիճակը կարող է փոխվել Դոնբասում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում։ Դա Կրեմլը կարող է ընկալել որպես «կարմիր գծերի» խախտում, ընդ որում մեղադրելով ոչ միայն ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային, այլև Թուրքիային։ Այդ դեպքում Ռուսաստանը կարող է դադարեցնել Հարավային Կովկասում ռուս-թուրքական պայմանավորվածությունների իրականացումը, ինչն առաջին հերթին կնշանակի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի (տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման) կատարման դադարեցում կամ առնվազն իրականացման տեմպերի էական դանդաղում։