Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները քննարկում են Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի կունենա Կազանում ապրիլի 29-30-ը: Այս մասին հայտնում է ռուսական ՌԲԿ գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանում և Հայաստանում երեք դիվանագիտական աղբյուրների:
Հոդվածում նշվում է, որ եթե Երևանը համաձայնի, Բաքուն կկարողանա իր ներկայացուցիչներին ուղարկել Կազան: «Եվ որպեսզի դա տեղի ունենա, հինգ ամիս առաջ պատերազմող Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հաղթահարեն մի քանի տարաձայնություններ: Մասնավորապես, պետք է լուծվի հայ ռազմագերիների վերադարձի հարցը»,- ՌԲԿ-ին ասել է հայկական կողմի զրուցակիցը:
«Իրոք, կար այդպիսի (Բաքվին հրավիրելու) միտք»,- ասում է ՌԲԿ-ի աղբյուրը, որը դիվանագետ է հայկական կողմից: «Մենք այդքան սկզբունքորեն դեմ չենք, մենք ասում ենք, որ կան չլուծված խնդիրներ, այդ թվում՝ ռազմագերիների խնդիրը»,- ասել է նա: Երևանը կազմել է իր մարդկանց ցուցակը, որի մեջ կա մոտ 200 անուն, և այն արդեն փոխանցել է Կարմիր խաչին, ՌԲԿ-ին ասել է հայկական կողմի՝ թեմային լավատեղյակ մեկ այլ զրուցակից:
Չլուծված խնդիրների շարքում ՌԲԿ-ի զրուցակիցները նշել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերաբացման տարբերակների քննարկումը:
«Իհարկե, ինձ համար անհնար է պատկերացնել երկու շաբաթվա ընթացքում երկրների միջև գոյություն ունեցող խնդիրների կարգավորումը: Չափազանց խորը հակասություններ կան»,- լրատվամիջոցին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և ավելացրել, որ այդ պատճառով շատ քիչ հավանական է, որ Ադրբեջանի պատվիրակությունը առաջիկայում ներկա կլինի ԵԱՏՄ-ի հարթակներում:
ՌԲԿ-ին Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարությունները հայտնել են, որ միության կազմում կարգավիճակ չունեցող երկրների խորհրդի նիստին մասնակցությունը դեռ քննարկվում է, ԵԱՏՄ անդամ երկրների համաձայնեցված դիրքորոշում դեռ չկա:
․․․
Նախկինում Բաքուն հայտարարել էր, որ ընդհանուր եվրասիական տարածքի գաղափարը համապատասխանում է իր տնտեսական շահերին: Այս մասին պատերազմն ավարտվելուց անմիջապես հետո ասել էր Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին: Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության հիմնական խոչընդոտը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր: «Եթե Հայաստանը կառուցողական դիրքորոշում որդեգրի, այդ գործընթացը շատ արագ կընթանա»,- ասել էր նա:
ԵԱՏՄ-ն, բացի հիմնական մասնակիցներից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ռուսաստանից, ներառում է դիտորդ երկրներ՝ Մոլդովա, Ուզբեկստան, Կուբա: Ազատ առևտրի համաձայնագրեր են կնքվել մի քանի այլ պետությունների, այդ թվում՝ Իրանի, Սերբիայի և Վիետնամի հետ:
«Ռուսաստանը աշխատում է ստեղծել «մեծ եվրասիական գործընկերություն», որը կկապի հետխորհրդային տարածքը, Չինաստանը, Ռուսաստանը և, հնարավոր է, Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան,- ամեն դեպքում, դա միշտ ասում են Սանկտ Պետերբուրգում և Շանհայում»,- ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ելենա Կուզմինան։ «Ադրբեջանը կարևոր օղակ է այս շղթաներում: Տրանսպորտ, արդյունաբերություն և գյուղատնտեսություն»,- նշել է նա:
Բացի այդ, Ադրբեջանի ինտեգրումը լուծում է ոչ միայն Հարավային Կովկասի հետ կապված հարցերը. «Մենք խոսում ենք դեպի Իրան, Թուրքիա, Մերձավոր Արևելք ուղղությունների մասին։ Սա շատ կարևոր խնդիր է ոչ միայն տնտեսության, այլև Ռուսաստանի ռազմավարական շահերի տեսանկյունից»: