Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը և Անվտանգության խորհրդի քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, և օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի և իշխանափոխության դեպքում»,- ասել է Օնիկ Գասպարյանը։
Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը 2020-ի նոյեմբերին հայտարարել էր, որ պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է՝ 2-3 օրերի ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։
Այսօր՝ ապրիլի 14-ին, խորհրդարանում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2020-ի տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ պատերազմի 4-րդ օրը այն դադարեցնելու՝ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս չունի․ «Գլխավոր շտաբի պետը նման բան չի ասել, դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ։ Խոսքը սեպտեմբերի 30-ի անվտանգության խորհրդի նիստի մասին է։ Ընդհակառակը, ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի»,- նշել է Փաշինյանը։