Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը Ղարաբաղյան կարգավորման առաջին քայլ համարում է գերիների վերադարձը

Չափահաս հայաստանցիների ճնշող մեծամասնությունը՝ 78%-ը, որպես Ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորման առաջին քայլ նշում է «գերիների վերադարձը, ապա մնացածը» պատասխանը։

ՍիվիլՆեթի պատվերով «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» (CRRC Armenia) հիմնադրամը 2021-ի մարտին անցկացրել է երկրորդ հետազոտությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Նույն թեմայով առաջին հարցումն անցկացվել էր 2020-ի օգոստոստի 15-ից 29-ն ընկած ժամանակահատվածում (տե՛ս՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորում․ օգոստոսյան հարցման արդյունքներ)։ Երկրորդ հարցմանը մասնակցել է 18 և բարձր տարիքի 1 100 ՀՀ քաղաքացի: Ընդհանուր հարցումն ընդգրկել է չորս թեմա՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորում, առողջապահություն, էներգետիկա և կրթություն։ Այս հոդվածում ամփոփ ներկայացված են Ղարաբաղյան հակամարտության առնչվող արդյունքները։

Ըստ հարցման արդյունքների՝ Հայաստանի չափահաս բնակչության 72%-ը չի հավատում հայերի և ադրբեջանցիների համակեցությանը և ընդամենը 3%-ն է լիովին հավատում դրան։ Հարցված հայաստանցիների 36%-ը կարծում է, որ Արցախում նոր պատերազմի բռնկման ռիսկ կա, իսկ 24%-ը ընդհանրապես կարծում է, որ պատերազմը չի ավարտվել։ Հարցվածները ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորումը կապում են մի քանի հիմնական դերակատարների հետ, մասնավորապես՝ 35%-ը գտնում է, որ այն կախված է Հայաստանի կառավարությունից, 33%-ը՝ Ռուսաստանի կառավարությունից և 32%-ը` համաշխարհային գերտերություններից։ Հայաստանցիների գրեթե կեսը (49%) Արցախյան հակամարտության հետագա կարգավորման գործընթացում կարևոր է համարում նաև Մինսկի խմբի գործունեությունը։

Անդրադառնալով Արցախյան հակամարտության վերջնական կարգավորման ձևերին, հարցվածները ամենաընդունելին են համարում Արցախի միացումը Հայաստանին և «Արցախի անկախացումը» տարբերակները։ Ինչ վերաբերում է Արցախի տարածքներին, հարցվածների 30%-ը գտնում է, որ Հայաստանի ընդհանուր նպատակը պետք է լինի մինչև պատերազմը եղած բոլոր տարածքների վերադարձը, որին հաջորդում է նախկին ԼՂԻՄ-ի սահմանների վերադարձը (22%)։ Հայաստանցիների կեսից ավելին՝ 53%-ը, լիովին բացասական է վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների բացմանը: Միևնույն ժամանակ, հարցվածների 59%-ը գտնում է, որ Մեղրիի միջանցքի գործարկումը վտանգ է ներակայցնում ՀՀ ազգային անվտանգությանը։

Հարցվածների 36%-ը կարծում է, որ Արցախում նոր պատերազմի բռնկման ռիսկ կա։ 18%-ը կարծում է, որ պատերազմի բռնկումը տեղի կունենա մեկ տարվա ընթացքում, իսկ 13%-ը՝ հինգ տարիների ընթացքում։ Միևնույն ժամանակ, հայաստանցիների գրեթե մեկ քառորդը (24%) համարում է, որ պատերազմը չի ավարտվել։ Գծապատկեր 4.1-ը ցույց է տալիս, որ հարցվածների 22%-ը չի տեսնում նոր պատերազմի բռնկման ռիսկ, իսկ 16%-ը՝ դժվարանում է պատասխանել։

Չափահաս հայաստանցիների մոտ կեսը՝ 53%-ը, վստահում է ռուս խաղաղապահ ուժերին։ Ընդ որում, հարցվածների 28%-ը պատասխանել է «լիովին վստահում եմ», իսկ 25%-ը՝ «հիմնականում վստահում եմ»։ Նշված ուժերին չեն վստահում հարցվածների մեկ քառորդը (25%) (Գծապատկեր 4.2):

Միևնույն ժամանակ, հայաստանցիների 47%-ը կարծում է, որ 2020-ի նոյեմբերի 9-ին հրապարակված եռակողմ հայտարարության հնգամյա ժամկետի լրանալուց հետո ռուս խաղաղապահ ուժերը կշարունակեն աշխատել Արցախում։ Համաձայն Գծապատկեր 4.3-ի՝ 35%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին։

ՀՀ չափահաս բնակչությունը ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորումը կապում է մի շարք դերակատարների հետ։ Հարցվածների 35%-ի կարծիքով այդ դերակատարը Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կառավարությունն է, իսկ 33%-ը կարծում է, որ հետագա կարգավորումը կախված է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) կառավարությունից, իսկ 32%-ը՝ համաշխարհային գերտերություններից (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, ԵՄ): Գծապատկեր 4.4-ը ցույց է տալիս, որ նշված վերջին երկու դերակատարները հետպետարզմական ժամանակահատվածում ավելի մեծ կարևորություն են ձեռք բերել հասարակության շրջանում։ Մինչպատերազմական Հայաստանում հարցվածների 21%-ն էր նշում «ՌԴ կառավարությունից» տարբերակը, մինչդեռ հետպատերազմական ժամանակահատվածում այդ թիվը հասել է 33%-ի: Հետաքրքրական է նաև, որ 2021-ի տվյալների համաձայն «Ադրբեջանի կառավարություն» տարբերակը նշում են 15%-ը, մինչդեռ 2020-ի 31%-ն էր ընտրել այս տարբերակը։

Առանձին հարց է ուղղվել նաև Արցախյան հակամարտության հետագա կարգավորման հարցում Մինսկի խմբի դերակատարության վերաբերյալ, որին «շատ կարևոր է» պատասխանը տվել են հայաստանցիների 29%-ը, իսկ «ավելի շուտ կարևոր»՝ 20%-ը։ Միևնույն ժամանակ, հարցվածների 21%-ը ընդհանրապես կարևոր չի համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Հարկ է նշել, որ բնակչության 19%-ը դժվարացել է որևէ պատասխան տալ (Գծապատկեր 4.5)։ Համաձայն Գծապատկեր 4.6-ի, հարցվածների 40%-ը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շատ ներգրավված լինի Արցախյան հակամարտության վերջնական կարգավորման մեջ։

Հարցվածների 69%-ը կարծում է, որ ՌԴ-ն պետք է շատ ներգրավված լինի Արցախյան հակամարտության վերջնական կարգավորման մեջ, 49%-ը համարում է, որ Ֆրանսիան պետք է շատ ներգրավված լինի այդ գործում, իսկ 82%-ը նշում է, որ Թուրքիան պետք է ընդհանրապես ներգրավված չլինի կոնֆլիկտի վերջնական կարգավորման մեջ։

Չափահաս հայաստանցիների ճնշող մեծամասնությունը՝ 78%-ը, որպես հակամարտության հետագա կարգավորման առաջին քայլ նշում է «գերիների վերադարձը, ապա մնացածը» պատասխանը։ Այլ պատասխանները՝ ներառյալ Արցախի կարգավիճակի հստակեցումը, ներկայիս սահմանների և բնակչության անվտանգության ապահովումը ստացել են 5% և ավելի քիչ պատասխաններ (Գծապատկեր 4.7)։

Անդրադառնալով Արցախյան հակամարտության վերջնական կարգավորման ձևերին՝ հարցվածների 35%-ը որպես առաջին պատասխան նշում է «Արցախի միացումը Հայաստանին» տարբերակը, ևս 35%-ը՝ «Արցախի անկախացումը» տարբերակը։ Որպես երկրորդ նախընտրելի տարբերակ ամենաշատը՝ 39%, ստացել է ՌԴ կազմում Արցախին հատուկ կարգավիճակ շնորհելու պատասխանը (Գծապատկեր 4.8)։

Ինչ վերաբերում է Արցախի տարածքների հարցում Հայաստանի ընդհանուր նպատակին, ապա չափահաս Հայաստանցիների 30%-ը կարծում է, որ դա պետք է թիրախավորել մինչպատերազմական Արցախի բոլոր տարածքները, 22%-ը համարում է, որ այդ նպատակը պետք է լինի նախկին ԼՂԻՄ սահմանների վերադարձը, իսկ ևս 20%-ի կարծիքով՝ ներկայիս սահմանների պահպանումը։ Հարցվածների մեկ քառորդը դժվարանում կամ հրաժարվում է պատասխանել այս հարցին (Գծապատկեր 4.9)։

Ինչ վերաբերում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կարգավորվող Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների բացմանը, ապա հարցվածների 53%-ը խիստ բացասական և ևս 11%-ը՝ հիմնականում բացասական է վերաբերում դրան։ Հայաստանցիների միայն 4%-ն է լիովին դրական վերաբերում տրանսպոտային ուղիների բացմանը (Գծապատկեր 4.10)։

Հարցվածների 59%-ը նշում է, որ Մեղրիի միջանցքի գործարկումը վտանգ է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգությանը, իսկ 12%-ի կարծիքով այն ավելի շատ տնտեսական զարգացման հիմքեր է ստեղծում։ Չափահաս հայաստանցիների 20%-ը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել այս հարցին։ (Գծապատկեր 4.11)

Հաշվի առնելով Արցախյան երկրորդ պատերազմը՝ Հայաստանի չափահաս բնակչության 72%-ը չի հավատում հայերի և ադրբեջանցիների համակեցությանը և ընդամենը 3%-ն է լիովին հավատում այս մտքին։ (Գծապատկեր 4.12)

Եզրակացություններ

  • Հայաստանցիների 36%-ը կարծում է, որ Արցախում նոր պատերազմի բռնկման ռիսկ կա, իսկ 24%-ը գտնում է, որ պատերազմը չի ավարտվել։
  • Հարցվածների կեսից ավելին՝ 53%-ը, վստահում է խաղաղապահ ուժերին՝ Արցախում անգտանգության ապահովման հարցում։
  • Հարցվածների 35%-ի կարծիքով ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորումը կախված է Հայաստանի կառավարությունից, 33%-ի կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությունից և 32%-ի կարծիքով՝ համաշխարհային գերտերություններից։
  • Հայաստանցիների գրեթե կեսը՝ 49%-ը, կարևոր է համարում Մինսկի խմբի գործունեությունը Արցախյան հակամարտության հետագա կարգավորման գործընթացում։
  • Հարցվածների մեծամասնությունը՝ 69%-ը, կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման հարցում պետք է շատ ներգրավված լինի Ռուսաստանի Դաշնությունը, որին հաջորդում է Ֆրանսիան՝ 49%, և ԱՄՆ-ը՝ 37%: Առհասարակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շատ ներգրավված լինելու անհրաժեշտությունն ակնկալում են հարցվածների 40%-ը:
  • Հայաստանցիների ծանրակշիռ մեծամասնության կարծիքով (78%) Հայաստանի կառավարության համար Ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորման առաջին քայլը պետք է լինի գերիների վերադարձը, ապա մնացածը։
  • Հարցվածների կեսից ավելին՝ 53%-ը, լիովին բացասական է վերաբերում տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների բացմանը, իսկ 59%-ը համարում է, որ Մեղրիի միջանցքի գործարկումը վտանգ է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգությանը։
  • Հաշվի առնելով Արցախյան երկրորդ պատերազմը՝ Հայաստանի չափահաս բնակչության 72%-ը չի հավատում հայերի և ադրբեջանցիների համակեցությանը և ընդամենը 3%-ն է լիովին հավատում այս մտքին։

Հարցման մեթոդ և դաշտային աշխատանքներ․ Դաշտային աշխատանքները սկսվել են 2021-ի մարտի 12-ին և տևել 13 օր: Իրականացվել է 1 100 հարցազրույց ՀՀ չափահաս բնակիչների շրջանում (95% վստահության սահմաններում 3% սխալի թույլատրելի շեղումով)։ Հարցվողների հետ կապվելու համար օգտագործվել է պատահական հեռախոսահամարների գեներացման մեթոդը: Իրականացված 14 236 հեռախոսազանգերից հարցազրույցով է ավարտվել 21%-ը կամ հաջողված զանգերի 38%-ը: Հարցազրույցը միջինը տևել է 21 րոպե։

Մեկնաբանել