«Ես էլ հարցեր ունեմ Շուշիի անկման հետ կապված, շատ կոնկրետ հարցեր ունեմ կոնկրետ մարդկանց», «Նա, բարձրաստիճան զինվորական լինելով, փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը», «20-ամյա դավաճանություն»… նման տասնյակ հայտարարություններ այսօր հնչեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրթերից Ազգային ժողովում, որոնք առևերույթ հանցագործությունների մասին հաղորդումներ են։
Եթե այս հայտարարություններն աներ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2016-ին, հասկանալի ու ընկալելի կլիներ. դե խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորն ի՞նչ լիազորություն ունի, որ մի հատ էլ քրեական գործեր հարուցի, իրավական գնահատական տա բոլոր հանցանքներին, որոնց մասին բարձրաձայնում է։
Բայց ոչ, այս հայտարարություններն անում է վարչապետը, անում է նախընտրական քարոզարշավին մասնակցող թեկնածուի կեցվածքով, անում է առանց մեկ րոպե անգամ մտածելու, որ այդ մասին պետք է ոչ թե ինքը բարձրաձայնի Ազգային ժողովի ամբիոնից, այլ հանձնարարի, որ դրանով զբաղվեն իրավապահները։
Նիկոլ Փաշինյանն ունակ չէ հրաժարվել ընդդիմադիրի կերպարից։ Ու ինչ կոստյում էլ կարես ու հագցնես Փաշինյանին, նա ընդդիմադիր խմբակցության պատգամավորի հանդերձանքը երբեք չի փոխի։ Նրա պահվածքից, ելույթներից ու դրանց հաջորդող գործություններից, ավելի ճիշտ գործողությունների բացակայությունից, տպավորություն է, որ ոչ թե Փաշինյանն է ղեկավարում համակարգը, այլ համակարգն է փոխել իր տեսքը, ոճը՝ պահպանելով նույն սկզբունքներն ու մոտեցումները։
«2017-ին բանակցային գործընթացում ՀՀ-ն հասել էր իր կարմիր գծերին և մի բան էլ հատել էր դրանք»,- սա ևս Փաշինյանի այսօրվա ելույթից է։ Նման հայտարարություն անում է մի երկրի ղեկավար, որը պատերազմից ամիսներ առաջ ողջ պետական ռեսուրսը տրամադրել էր Սահմանադրական դատարանի կազմը փոխելու վրա, ոչ թե պատերազմին պատրաստվելու։
Իր գործողություններով և ոչ թավշյա թավիշով Նիկոլ Փաշինյանը գալիս է ապացուցելու, որ Թավշյա հեղափոխությունը, ոչ թե հեղափոխություն էր բուն և իսկական իմաստով, այլ իշխանափոխություն, ավելի ճիշտ գործող համակարգի, իսկ եթե կուզեք՝ ընդդիմադիր Փաշինյանի խոսքով՝ «պետականություն մսխող ռեժիմի» ռեբրենդինգ։