Արմեն Սարգսյանը կմեկնի Վրաստան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, ապրիլի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Այցի շրջանակում նախատեսված է Արմեն Սարգսյանի առանձնազրույցը Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որին կհաջորդի հանդիպումն ընդլայնված կազմով: Քննարկումների առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների օրակարգը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր, անդրադարձ կլինի նաև տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Այցի ընթացքում նախատեսվում են նաև Արմեն Սարգսյանի հանդիպումները համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:

Նախագահ Սարգսյանը կայցելի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: