Լուկաշենկոն Ալիևին շնորհավորել է «ազգային նպատակն իրագործելու» առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 14-ին Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը նշել է, թե Ադրբեջանը վերջին ժամանակներում մեծ քայլ է կատարել իր «ազգային նպատակն իրագործելու գործում»՝ նկատի ունենալով ղարաբաղյան պատերազմում շրջանների գրավումը։

«Իսկապես, Ադրբեջանը մեծ քայլ է կատարել իր ազգային նպատակի իրականացման գործում, սակայն դա դեռ առաջին քայլն է: Ես շատ ուրախ եմ, որ դուք՝ որպես Բելառուսի ժողովրդի իսկական ընկեր, լավ եք հասկանում վերադարձված տարածքներում կատարվելիք աշխատանքների ծավալը»,- նշել է Լուկաշենկոն:

Խոսելով երկկողմ քաղաքական հարաբերություների մասին՝ Բելառուսի նախագահը դրանք «փայլուն» է որակել և ավելացրել, որ նա այդ փաստով «հպարտանում է»: Ըստ Լուկաշենկոյի՝ Ադրբեջանն ու Բելառուսը Խորհրդային Միությունից հետո բոլոր ուղղություններով վերականգնել են ամենաջերմ հարաբերությունները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրավյալ տարածքների վերականգնման գործում հույսեր է կապել Բելառուսի հետ․ «Մենք գիտենք բելառուսական ընկերությունների փորձը գյուղատնտեսության ոլորտում, հետևաբար այդ թեման մեծ տեղ է զբաղեցնում ազատագրված տարածքերի վերականգնման մասին քննարկումներում»,- նշել է Ալիևը: