Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում։ Այս մասին այսօր Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հրաժարականից հետո պատշաճ ընթացակարգերը պաշտպանելու համար 7-րդ օրը տեղի կունենան վարչապետի ընտրություններ։ Ես «Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվեմ որպես վարչապետի թեկնածու, որովհետև սահմանադրության ձևակերպումները պարտադրում են, որ այնուամենայնիվ լինի վարչապետի թեկնածու, մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, «Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետի չի ընտրի։ Երկրորդ անգամ նորից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, կրկին վարչապետ չի ընտրվի, Ազգային ժողովը իրավունքի ուժով կհամարվի լուծարված, որից հետո կնշանակվեն ընտրություններ հունիսի 20-ին»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է հրաժարականից հետո հնարավոր ռիսկերին, վարչապետը նշեց․ «Ովքեր այլ ճանապարհով կգնան և ժողովրդի առջև ստանձնած քաղաքական պայմանավորվածություններից կփորձեն շեղվել, դա կլինի քաղաքական ինքնասպանություն։ Ի՞նչ տեղի կունենա, «Իմ քայլը» ինձ կընտրի վարչապետ և դրանով թեման կփակվի։ Կարծում եմ՝ ոչ մեկը քաղաքական ինքնասպանության գնալու փորձ չի անի»։