Հայաստանը առևտրային կցորդ կունենա Իրանում

Հայաստանը առևտրային կցորդ կունենա Իրանում։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 15-ի նիստի օրակարգում։ 

Նման որոշման համար հիմք է հանդիսացել Իրանի պետական ու մասնավոր ընկերությունների կողմից ՀՀ պետական հատվածի ու գործարար շրջանակների հետ փոխգործակցություն իրականացնելու ուղղությամբ վերջին ժամանակահատվածում ցուցաբերած մեծ հետաքրքրությունը։

Ըստ կառավարության՝ ներկայում Իրանի հետ քննարկվում է համատեղ ընկերություններ կամ իրանական ընկերությունների մասնաճյուղեր հիմնելու տարբերակներ, ինչպես նաև Հայաստանից դեպի Իրան սերտիֆիկատով արտահանումը դյուրացնելու գործընթացը, ուստի անհրաժեշտ է այս խնդիրները լուծելու համար Իրանում ունենալ առևտրային կցորդ։ 

Կառավարությունը կանխատեսում է, որ կցորդի հաստիքի ստեղծումը դրական կազդի հայաստանյան տնտեսության վրա, իրանցի ներդրողները հետաքրքրություն կցուցաբերեն «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և կառուցվող ինժեներական քաղաքի նկատմամբ։