Նախագահը չի ստորագրել զրպարտության մասին օրենքը և դիմել է Սահմանադրական դատարան

Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը բարձրացնող օրենքը և դիմել է Սահմանադրական դատարան՝ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով: Նման հայտարարություն է տարածել նախագահի աշխատակազմը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ազգային ժողովի ընդունած՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը Հանրապետության նախագահի աշխատակազմն Ազգային ժողովից ստացել է 2021 թվականի մարտի 26-ին:

Օրենքով նախատեսվում է էականորեն բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված դրամական փոխհատուցման չափերը: Ընդ որում, փոփոխությունը կիրառելի է նաև զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ:

Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ, լսել նրանց նկատառումներն ու դիտարկումները, կարծիքներն ու մտահոգություններն առ այն, որ լրատվական և լրատվամիջոցների գործունեության ոլորտներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները քննարկվում և ընդունվում են առանց մասնագիտական հանրության կարծիքն ու առաջարկությունները հաշվի առնելու:

Դիտարկվել են նաև միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից արտահայտված մտահոգությունները:

Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է խոսքի և կարծիքի ազատությունը և մտահոգ է, որ, մի կողմից, նախատեսվող փոփոխություններով ոլորտում որևէ համակարգային խնդիր չի լուծվում, իսկ մյուս կողմից՝ առաջարկվող կարգավորումները կարող են էական վնաս հասցնել խոսքի և արտահայտվելու ազատությանը, զգալիորեն սահմանափակել լրագրողի ազատությունը և լրատվամիջոցի՝ օբյեկտիվ քննադատելու, իրադարձություններն ու երևույթները, այդ թվում՝ պաշտոնյաների, հասարակական-քաղաքական գործիչների գործունեությունն անկաշկանդ լուսաբանելու հնարավորությունը։

Ժողովրդավարական հասարակությունում «հանրային հսկիչի» դեր կատարող զանգվածային լրատվության միջոցների՝ արտահայտվելու ազատությունը, ինչպես նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ կարծիքները համարվում են առավել պաշտպանված կատեգորիա:

Հայաստանի Հանրապետությունում կարծիքի արտահայտման ազատությունը երաշխավորված է Սահմանադրության 42-րդ հոդվածով: Յուրաքանչյուր անձի կողմից իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ամրագրված է նաև մի շարք միջազգային փաստաթղթերում:

Վիրավորանքն ու զրպարտությունն, անկասկած, անթույլատրելի են, անընդունելի և դատապարտելի:

Միևնույն ժամանակ, իրավական աղբյուրների վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ ժողովրդավարական հասարակությունում կարծիքի արտահայտման ազատության ցանկացած սահմանափակում (ներառյալ՝ օրենքով նախատեսված փոխհատուցման չափը) պետք է լինի հիմնավորված և համաչափ, փոխհատուցումը պետք է լինի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին համահունչ, իսկ փոխհատուցման կիրառումը չպետք է բացասական ազդեցություն ունենա խոսքի ազատության և հանրային հարցերի քննարկման վրա՝ պատասխանողի համար ստեղծելով անհամաչափ ծանր նյութական բեռ, որը կարող է նույնիսկ վճռորոշ ազդեցություն ունենալ վերջինիս գործունեության համար:

Օրենքն առերևույթ խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանրապետության նախագահը չի ստորագրել Ազգային ժողովի ընդունած օրենքը և դիմել է Սահմանադրական դատարան՝ Օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով»,- ասված է հայտարարությունում։

***

Մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը, որով ավելի է բարձրացվում վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված նյութական վնասի հատուցման չափը։ Նախագծին կողմ էր 76, դեմ՝ 40 և 3 պատգամավոր։

Ալեն Սիմոնյանի առաջարկի համաձայն՝ վիրավորանքի համար գործող 1 մլն դրամի հատուցման չափը կբարձրացվի մինչև 3 մլն դրամ, իսկ զրպարտության դեպքում 2 մլն դրամ փոխհատուցումը՝ մինչև 6 մլն դրամ։

Նախագծի հեղինակը հիմնավորել էր, որ փաստաթուղթը «անձանց համար կապահովի լրացուցիչ երաշխիքներ արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն ֆիզիկական անձի, այլև զանգվածային լրատվական միջոցների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար»։

Օրինագծին մինչև այժմ դեմ էր արտահայտվել կառավարությունը՝ նշելով, որ Ալեն Սիմոնյանը «որևէ կերպ չի հիմնավորել այն հանգամանքը և չի բերել պրակտիկայից համապատասխան օրինակներ, երբ իրավախախտի նկատմամբ քաղաքացիական օրենսգրքի՝ գործող խմբագրությամբ սահմանված փոխհատուցման չափերը բավարար չեն եղել»։