ՀՀ կառավարությունն Արցախին 33 մլրդ դրամի աջակցություն է տրամադրել, ևս 22 մլրդ կտրամադրի առաջիկայում

Հայաստանի կառավարությունն Արցախին 33 միլիարդ դրամի աջակցություն է տրամադրել, ևս 22 միլիարդ դրամի աջակցություն տրամադրվելու է առաջիկայում․ կառավարության՝ ապրիլի 15-ի նիստում այդ մասին հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Կառավարությունը ապրիլի 15-ին հավանության արժանացրեց մեկ այլ որոշում, ըստ որի՝ Արցախում գրանցված ավելի քան 101 000 քաղաքացի կստանա 68 000 դրամի օգնություն՝ բացառությամբ 18-53 տարեկան արական սեռի անձանց։ Ծրագիրը վերաբերում է կանանց, երեխաներին ու կենսաթոշակառուներին՝ անկախ աշխատանք ունենալու հանգամանքից։

Առաքելյանը նաև հայտնեց, որ կա մի քանի հարյուր արցախցի, որոնք փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեն, և նրանց աջակցություն տրամադրելու հարցը լուծման փուլում է։