Լուկաշենկոն պատմել է Ալիևի՝ «Հայաստանը ոտքի կանգնեցնելու» առաջարկի մասին

Ալիևը Լուկաշենկոյին պարգևատրում է Հեյդար Ալիևի շքանշանով, 2016թ․ նոյեմբեր

Ապրիլի 13-14-ին այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն պատմել է, որ տարիներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն առաջարկել է փոխանցել հայկական կողմին, որ պատրաստ է այնքան գումար վճարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման դիմաց, որով հնարավոր կլինի ոտքի կանգնեցնել Հայաստանը: Այնուհետև հստակեցրել՝ զրույցի պահին նավթի գինը գերազանցել է բարելի դիմաց 100 դոլարը:

Լուկաշենկոն ապրիլի 13-14-ը աշխատանքային այցով եղել է Բաքվում, որտեղ բանակցություններ է վարել Ալիևի հետ: Հանդիպման արդյունքում երկու նախագահները պատասխանել են լրագրողների հարցերին, որի տեսագրությունը չորեքշաբթի ցուցադրել է «Բելառուս 1» պետական հեռուստաալիքը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ առաջարկել էր վերականգնել Ղարաբաղը և «ոտքի կանգնեցնել Հայաստանը», եթե պաշտոնական Երևանը համաձայնի խաղաղ կարգավորել հակամարտությունը», – հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի միջոցով համապատասխան առաջարկը փոխանցվել է։

«Ես, իհարկե, նախագահական լիազորությունները վայր դնելուց հետո շատ լավ բաներ կպատմեմ այն մասին, որ Իլհամ Ալիևն առաջարկել է հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարներին այդ հակամարտությունը կարգավորելու համար», – ասել է նա ու պատմել մեկ դրվագ։

«Լսիր, փոխանցիր հայերին, դու նրանց հետ լավ հարաբերությունների մեջ ես, ես պատրաստ եմ վերականգնել ոչ միայն Ղարաբաղը, այլև ոտքի կանգնեցնել Հայաստանը… Ես չեմ ասի նույնիսկ այն գումարը, որը ես միանգամից պատրաստ եմ վճարել: Փոխանցիր նրանց, որպեսզի խաղաղ կարգավորեն այդ հարցը»,- մեջբերել է Լուկաշենկոն Ալիևի երբեմնի հայտարարությունը։

Ինչպես ընդգծել է Բելառուսի ղեկավարը, այդ զրույցի պահին նավթի գինը գերազանցել է բարելի դիմաց 100 դոլարը: «Ես այսօր առաջին անգամ եմ հրապարակավ (դրա մասին պատմում)։ Բայց նախկին հայկական ղեկավարությունը, որը գործել է մինչև Փաշինյանը, հրաժարվել է դրանից», — հավելել է Լուկաշենկոն։

Անցյալ տարի դեկտեմբերի 7-ին համացանցում տարածվեց սկանդալային ձայնագրություն, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2016-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկում է Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջանները՝ առաջին փուլում՝ հինգ միլիարդ դոլարի դիմաց, ի պատասխան Սարգսյանը պատրաստակամություն է հայտնում վճարել վեց միլիարդ, եթե Ալիևը հրաժարվի այդ շրջաններից։

Մոտ երկու րոպեանոց, ըստ ամենայնի, ոչ ամբողջական ձայնագրությունում Սերժ Սարգսյանը նշում է, թե չի կարող շրջանները հանձնել, որովհետև Արցախում բնակվող 150 հազար հայերի անվտանգության հարց կա, Լուկաշենկոն պատասխանում է, թե կարելի է 20 հազար խաղաղապահ ուղարկել անվտանգության ապահովման համար։

Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակը չի հերքել տարածված ձայնագրության իսկությունը՝ նշելով, թե հասկանալի չէ՝ ինչպե՞ս է դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում։

Սերժ Սարգսյանի գրասենյակը ձայնագրության հրապարակումն «ընդունել է որպես փաստ և զերծ է մնացել մեկնաբանություններից»։

Մեկնաբանել