Հայաստանի պարտքը թանկանում է․ եվրոբոնդերի եկամտաբերությունն աճել է

Փետրվարի 2-ին Հայաստանը հայտարարեց 750 միլիոն դոլարի եվրոբոնդեր թողարկելու մասին՝ 3,875% եկամտաբերությամբ՝ 2031-ին մարման ժամկետով։ 3,6% արժեկտրոնով եվրոբոնդերի (իրական եկամտաբերությունը 3,875%, քանի որ տեղաբաշխումից փաստացի մուտքերը եղել են նոմինալ արժեքի 97,7%-ը) եկամտաբերությունը բորսաներում ներկայում 4,69% է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 4-ի նիստին հայտարարեց, որ «թողարկումը տեղի է ունեցել հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններով՝ ամենացածր տոկոսով […], ինչը նաև վկայում է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ»:

Տեղաբաշխումից ի վեր, սակայն, տեղի է ունենում եվրոբոնդերի փաստացի եկամտաբերության աճ։ Իսկ աճ տեղի է ունենում, երբ նվազում է պարտատոմսի գինը, քանի որ դրա նկատմամբ նվազում է ներդրողների հետաքրքրությունը միջազգային ֆինանսական շուկայում։

Եկամտաբերության նվազում է տեղի ունենում նաև 2019-ին տեղաբաշխված հայկական եվրոբոնդերի մասով։ Տեղաբաշխված 500 միլիոն դոլարի և 3,95% արժեկտրոնով (իրական եկամտաբերությունը 4,2%, քանի որ տեղաբաշխումից փաստացի մուտքերը եղել են նոմինալ արժեքի 98%-ը) եվրոբոնդերի ներկայիս եկամտաբերությունը 4,70% է։ Այս տարվա հունվարի կեսերին այս արժեթղթերի ինդեքսը կազմում էր 102,49%, ինչը նշանակում է, որ ներդրողները պատրաստ էին վճարել նոմինալ գնից 2,49%-ով ավելի, ապա հիմա ներդրողները այս պարտատոմսերի համար պատրաստ են վճարել նոմինալ արժեքի ընդամենը 94,86%-ը։

Իհարկե, միջազգային ֆինանսական շուկայում այս տարի որոշակիորեն աճել է նաև մի շարք երկրների՝ տասը տարվա մարման ժամկետով պետական պարտատոմսերի եկամտաբերությունները։ Մասնավորապես, ուղենիշ հանդիսացող ԱՄՆ-ի տասը տարվա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը 2021-ի առաջին եռամսյակում միջինը աճել է 0,5 տոկոսային կետով։ Հայաստանի կառավարությունը և Կենտրոնական բանկը արժաթղթերի գրավչության անկումը կարող են բացատրել այս միտումներով, սակայն պետք չէ անտեսել նաև այլ միտումները․ այն, ինչ կատարվում է հայկական եվրոբոնդերի հետ, առաջին հերթին պայմանավորված է ներքին խնդիրներով։

Ֆինանսական բորսաներում Հայաստանի եվրոբոնդերի գնի փոփոխությունը որևէ կերպ չի ազդում պետական բյուջեից դրանց արժեկտրոնի վճարման գումարի ավելացմանը կամ պակասեցմանը, քանի որ այն ֆիքսված է։ Պարզ ասած՝ ցանկացած պարագայում Հայաստանը տարին երկու անգամ վճարելու է հաստատագրված տոկոսագումար։ Բորսաներում տեղի ունեցող փոփոխությունները ցույց են տալիս Հայաստանի տնտեսության նկատմամբ նեդրորղների վերաբերմունքը։

Քաղաքական և տնտեսական գործոններ

Հայկական եվրոբոնդերի գնի նվազման վրա ազդում է երկու տեսակի գործոն՝ քաղաքական և տնտեսական։

Քաղաքական, որովհետև շարունակվող անորոշությունը, նույնիսկ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հայտարարությունները ներդրողների շրջանում Հայաստանի տնտեսության նկատմամբ առաջացնում են սպասողական և/կամ բացասական տրամադրություններ։

Մակրոտնտեսական, որի հիմքում գնաճի բարձր ցուցանիշներն են, 2020-ի խոշոր՝ 7,6 տոկոս անկումից հետո տնտեսության դանդաղ վերականգնումը, պետական պարտքի և պետբյուջեի դեֆիցիտ աճը։ Սրանք առանցքային ցուցանիշներ են, որոնց վրա մեծ ուշադրություն են դարձնում ներդրողները։

Տես նաև՝ Հայաստանում արագացել է ներդրումների անկումը՝ համաճարակի և պատերազմի հետևանքով

«Պետական պարտքի մասին» օրենքով հստակ ամրագրված է, որ կառավարության պարտքի և ՀՀ համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60% է, մինչդեռ մարտի վերջի դրությամբ կառավարության պարտքը կազմել է ՀՆԱ-ի 70,2%-ը (4,329 տրլն դրամ)։ Իհարկե, ԱԺ-ն կարող է նախաձեռնել օրենքի փոփոխություն և ավելացնել կառավարության պարտքի սահմանային շեմը․ այդպիսի նախադեպեր արդեն եղել են, սակայն դա կլինի ընդամենը օրենքի հարմարեցում փաստացի պայմաններին, այլ ոչ թե առկա մակրոտնտեսական խնդիրների լուծում։

Իհարկե, պետական պարտքի աճ տեղի է ունեցել ողջ աշխարհում, ինչը պայմանավորված է եղել համաճարակով։ Միջազգային ֆինանսների ինստիտուտի (IIF) գնահատականներով՝ անցած տարի գլոբալ պարտքը աճել է 24 տրիլիոն դոլարով՝ հասնելով 281 տրիլիոնի։ Հայաստանի կառավարությունը կարող է ասել, որ պետպարտքի աճը պայմանավորված է համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներով, որոնք չեն կարող մեզ չշրջանցել։

Սակայն պետք է հաշվի առնել, որ ներկայիս Հայաստանն այլևս այն երկիրը չէ, որ է՛ր մինչև 2020-ի սեպտեմբերը. տնտեսությունը լուրջ հարվածներ է ստացել համաճարակից և պատերազմից, և կառավարությունն ընթացիկ հարցերը լուծելու, պարզ լեզվով՝ թոշակ և աշխատավարձ վճարելու համար պարտք է վերցնում։

Երկարաժամկետ առումով դա կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանի համար պարտք ներգրավելը ավելի բարդանա թե՛ պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, թե՛ միջազգային ֆինանսական կառույցներից։

Կարեն Հարությունյան

Մեկնաբանել