Մատվիենկոն և Միրզոյանը անդրադարձել են գերիների հարցին

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Այս մասին հայտնում է Հայաստանի խորհրդարանի կայքը։

Ըստ հաղորդագրության՝ Վալենտինա Մատվիենկոն կարևորել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումը և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի ապահովման կարևորագույն գրավական է: Նա վերահաստատել է ռուսական կողմի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց:

Արարատ Միրզոյանն իր ռուս գործընկերոջը ներկայացրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արցախյան հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարևորությունը:

«ԱԺ նախագահը հավելել է, որ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին շնորհել է Ազգային ժողովի ոսկե մեդալ՝ երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման և Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատման գործում ունեցած կարևորագույն ներդրման համար: