Տնտեսական մրցակցության հանձնաժողովը պատժիչ գործիքներ է ստացել

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) օրենսդրական այնպիսի գործիքներ է ստացել, որով այսուհետ ավելի խիստ կարող է հարաբերվել տնտեսվարողների հետ։ Անցյալ տարեվերջին չզեկուցվող որոշման ընթացակարգով կառավարության հավանությանն արժանացավ Տնտեսական մրցակցության պաշտպանությանը վերաբերող նախագծերի փաթեթը, որը մարտին վերջնական ընդունվել է խորհրդարանում ու ստորագրվել նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։ ՏՄՊՊՀ-ն օրենքով այսուհետ ստանում է օպերատիվ-հետախուզական տվյալներ ստանալու հնարավորություն, հանձնաժողովի անդամները դառնում են անձեռնմխելի, հանձնաժողովը հնարավորություն է ստանում վարույթի ընթացքում արգելանք կիրառել։ Խստացվել է նաև տնտեսվարողից հայցվող տեղեկատվություն ստանալու կարգը։

Հանձնաժողովը արգելանք դնելու հնարավորություն է ստանում

Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենքի համաձայն՝ ՏՄՊՊՀ-ն կարող է վարույթի արդյունքում տուգանքի չափով արգելանք դնել ընկերության գույքի, դրամական միջոցների վրա։ Ընդ որում՝ այդ արգելանքը դրվում է հանձնաժողովի որոշման ընդունման պահից, և արգելանք դնելու գրությունը ՏՄՊՊՀ-ից հասցեագրվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը։ Արգելանք կարող է դրվել անշարժ գույքի, դրամական միջոցների, նույնիսկ ապրանքի վրա՝ «առանձին պատճառաբանված որոշմամբ»։

Իրավաբան Թաթուլ Խուդաթյանը հարց է բարձրացնում, թե որ պարագայում կարող է ՏՄՊՊՀ որոշումը լինել պատճառաբանված այն դեպքում, երբ օրենքը չի նախատեսել չափորոշիչներ։ Դրանք սահմանված չեն, ու ՏՄՊՊՀ-ն լայն հայեցողություն է ստանում, որոշակիություն չկա։ «Տնտեսվարողի նկատմամբ համաչափություն ու որոշակիություն չկա, ինչը սեփականության իրավունքի խախտում է, ու արգելանք դնելու իրավունքի այս դրույթը մեծ շանսեր ունի հակասահմանադրական ճանաչվելու»,- նշում է Խուդաթյանը՝ հավելելով, որ մեծ ընկերությունների դեպքում, օրինակ, եթե հասույթի 10 տոկոսի չափով արգելանք դրվի, ապրանքների ներմուծում-արտահանումը սահմանափակվի, դա կարող է խոշոր վնաս հասցնել ընկերությանը։

ՏՄՊՊՀ անդամները դառնում են անձեռնմխելի

Նոր օրենքով ՏՄՊՊՀ անդամը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո չի կարող բացատրություն տալ կամ հարցաքննվել իրականացրած վարչական վարույթների վերաբերյալ՝ բացառությամբ, եթե վարույթի ընթացքում սխալներ կամ չարաշահումներ են եղել։ ՏՄՊՊՀ անդամը կարող է ազատությունից զրկվել միայն Գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա ու ՏՄՊՊՀ անդամների համաձայնությամբ։ Բացի այդ, ՏՄՊՊՀ անդամը այսուհետ պետության հատուկ պաշտպանության ներքո է գտնվելու, և նրա նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունների դեպքում համապատասխան դիմումով պետությունը պետք է պահպանի վերջինիս անվտանգությունը։ Խուդաթյանի խոսքով՝ ՏՄՊՊՀ անդամներն առնչվում են խոշոր ֆինանսական շահերի, մոնոպոլիստների հետ, ու ենթադրվում է, որ վերջիններս կարող են նաև ֆիզիկական վտանգի մեջ գտնվել։ «Նույն տրամաբանությամբ՝ ցանկացած ոստիկան պիտի նույն պաշտպանությունն ունենա, ցանկացած փաստաբան նման պաշտպանություն ունենա, ու մեր հասարակության մեջ ռիսկերը շատ են»,- նշում է նա։

Օպերատիվ-հետախուզական գործունեության թույլտվություն

ՏՄՊՊՀ լիազորությունների ընդլայնման շրջանակում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարող է դիմել ու տեղեկություններ ստանալ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից (Ազգային անվտանգության ծառայություն, ոստիկանություն, հարկային ու մաքսային մարմիններ, ռազմական ոստիկանություն): Սա արվելու է՝ մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում աջակցություն ստանալու նպատակով։

Թաթուլ Խուդաթյանը կարծում է, որ հակամրցակցային համաձայնություններ բացահայտելու, ապացուցման հարցում ՏՄՊՊՀ-ն ունի խնդիրներ. «Երբ չկան հստակ ապացույցներ, ձայնագրություններ, որ երկու ձեռնարկատեր մի բանի շուրջ համաձայնության են եկել, իրար են զագնում, գին են պայմանավորվում, ինքը չի կարողանում վարույթ իրականացնել։ Պետք է դիմեն հեռախոսային զանգերի բացվածք ստանալ, հնարավոր է նաև ձայնագրություններ ու ապացույցներ հավաքել հակամրցակցային գործունեության վերաբերյալ»,- նշում է նա։ Ըստ Խուդաթյանի նորմալ կարգավորումներ ունեցող ու լավ զարգացած երկրում սա ճիշտ գործիք է, բայց տվյալ դեպքում հարց է, թե պետությունը արդյոք պատրաստ է սրան։

Տնտեսվարողը չի կարողանալու դատարանով պաշտպանվել

Փոփոխություններ են կատարվել օրենքի 43-րդ հոդվածում, որը վերաբերում է հանձնաժողովի կողմից տնտեսվարողներից ստացվող տեղեկատվությանը։ Խուդաթյանի խոսքով՝ եվրոպական և ռուսական պրակտիկայում կա հստակ սահմանված սկզբունք, ըստ որի՝ տնտեսական մրցակցության վերաբերյալ վարույթի ժամանակ հանձնաժողովը պարտավոր է տնտեսվարողին տեղեկացնել, թե ինչ բովանդակություն ունի վարույթը և ինչ նպատակով է տեղեկատվությունը հայցվում։

«Եթե մեր ՏՄՊՊՀ-ն ամեն անգամ օրենքը փոխելիս ասում է, թե կիրառում է եվրոպական ստանդարտները, այս դեպքում ասում է՝ ոչ, ես պատճառաբանություն ու նպատակ պարտավոր չեմ նշել իմ հարցման մեջ, և ինչ ուզեմ, տնտեսվարողը պետք է տրամադրի։ Բայց ՏՄՊՊՀ-ն սրանով էլ չի բավարարվել, ըստ նոր օրենքի ասվում է՝ եթե դու ինձ տեղեկատվությունը տրամադրեցիր, հետագայում չես կարող դա վիճարկել դատարանում»,- ներկայացնում է իրավաբանը՝ նշելով, որ դատական պաշտպանությունից տնտեսվարողը կարող է զրկվել, ինչը ևս սահմանադրականության հետ խնդիր ունի։

Խուդաթյանը անհրաժեշտ է համարում, որ գործուն քայլեր ձեռնարկվեն տնտեսվարողի կողմից ՏՄՊՊՀ-ին տրամադրած տեղեկատվության գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ։ Օրենքում կանոնակարգված չէ, թե հարցմամբ ստացված տվյալները որքան պետք է տնօրինվեն ՏՄՊՊՀ կողմից, երբ է ստացված տեղեկատվությունը վերացվելու, ինչ պայմաններում է պահպանվում այդ գաղտնիքը, որ աշխատողներն ունեն հասանելիություն դրան և այլն։

Պատասխանատվություն առանց որաշակիության

Մեկ այլ վիճելի դրույթ է այն, որ տուգանք կիրառելու համար անհրաժեշտ չափորոշիչները սահմանվում են ոչ թե օրենքում, այլ թողնվում են ՏՄՊՊՀ հայեցողությանը ու կարող են սահմանվել ենթաօրենսդրական ակտով։

«ՏՄՊՊՀ-ն պետք է կիրառի տուգանք, բայց կիրառելիության դաշտը մեծ է՝ կարող է տուգանել և՛ 1 դրամով, և՛ 5 միլիոն դրամով։ Պետք է գործեն չափորոշիչներ, բայց այդ չափորոշիչների հիմնարար սկզբունքները պիտի օրենքում արտացոլվեն, ոչ թե ենթաօրենսդրական ակտով։ Այն մարմինը, որ տուգանք է կիրառելու, շահագրգռված է այնպիսի չափորոշիչներ գրելու, որ տուգանքն ինչպես ուզի, կիրառի։ Այս հոդվածը նախկինում չկար, կար դրույթ, թե ինչն են հաշվի առնում տուգանելիս, իսկ հիմա ասում են՝ մենք կգնանք, ինքներս կորոշենք»,- բացատրում է Խուդաթյանը։ Սա ևս, ըստ նրա,, Սահմանադրության խախտում է՝ իրավական որոշակիության առումով։

Ըստ իրավաբանի՝ նոր նախագծերի փաթեթում էվոլյուցիա են ապրել միայն վարչարարությունը խստացնելու դրույթները, իսկ մնացյալը հիմնականում անփոփոխ են թողնվել։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել