Շվեյցարիան Հայաստանին կտրամադրի մոտ 4,9 մլն դոլար՝ բնության պահպանման համար

Շվեյցարական բնապատկեր

Շվեյցարիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 4,5 մլն շվեյցարական ֆրանկ (մոտ 4,9 մլն դոլար)՝ աջակցելու Հայաստանին բնության պահպանմանն ու տնտեսական զարգացմանը։ Նախագիծն իրագործելու է Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF)՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) հետ համատեղ։

Ինչպես նշված է Շվեյցարիայի կառավարության պաշտոնական կայքում, Հայաստանի լեռնային էկոհամակարգը արտադրողական կարևոր աղբյուր է գյուղական համայնքների համար, սակայն դրա բնապահպանական վիճակը արագորեն վատթարանում է։

«Շվեյցարիայի օժանդակությամբ իրագործվող նախագիծը՝ «Ապրող բնապատկերներ՝ հանուն Հայաստանի շուկայի զարգացման», միտված է հեռավոր շրջաններում գյուղատնտեսների ու գյուղական բիզնեսների եկամուտների աճին՝ տեղական բնական պաշարների ավելի լավ տնտեսական ու կայուն օգտագործման շնորհիվ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ նախագիծը գործարկվել է ապրիլի 15-ից, նախապատրաստական փուլը կտևի մինչև նոյեմբերի 30-ը՝ 200 հազար շվեյցարական ֆրանկ բյուջեով։ Դրանից հետո հիմնական փուլը կտևի ութ տարի՝ 4,3 մլն ֆրանկ բյուջեով։

Նախագիծն իրականացվելու է Հայաստանի Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։

Շվեյցարիայի կառավարությունը շեշտում է, որ երկիրը սատարում է Հայաստանի անցումը շուկայական տնտեսության և օժանդակություն է ապահովում այն ոլորտներում, որտեղ ունի հստակ առավելություններ՝ որպես լեռնային երկիր, որը դիմագրավել է բնապահպանական և էկոհամակարգերի հետ կապված մարտահրավերների։