Երևանը չի բացառում, որ համաձայնություն չի տա ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցությանը

Երևանը չի բացառում, որ համաձայնություն չի տա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցությանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ մոտ ժամանակներում հայկական կողմը կներկայացնի իր դիրքորոշումը։

Հարցին, թե հնարավոր է վետո կիրառի, Գրիգորյանը պատասխանեց․ «Իհարկե հնարավոր է, բայց դա գործընթաց է, որի շրջանակներում մեր դիրքորոշումը կհայտնենք։ Նախ դա վետո չէ, դա համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է։ Համաձայնեցնելու խնդիրն ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի և ես դրա մասին ձեզ տեղյակ կպահեմ, որտեղ նշված կլինեն նաև համաձայնություն չտալու հիմքերը»։

«Գերիների վերադարձի նախապայման դրվելո՞ւ է» հարցին ի պատասխան փոխվարչապետն ասաց․ «Այս գործընթացը ենթադրում է համաձայնեցնել այլ երկրի՝ նիստին մասնակցելու հարցը, որը որևէ բովանդակային գործընթաց չի ենթադրում։ Ուղղակի գալու է ամսաթիվը և մենք ասենք՝ այո կամ ոչ։ Նախապայման դնել ո՞ւմ առջև, ԵԱՏՄ այլ երկրների՞։ Նախապայման դնելու համար պետք է նաև հայտնեք՝ ում առջև դնենք այդ նախապայմանները։ Եթե դուք սա համարում եք ևս մեկ առիթ (գերիների հարցը բարձրացնելու – ՍիվիլՆեթ), ուրեմն այդ առիթը կօգտագործվի»։

Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ Մոսկվայի հետ գերիների հարցը քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով։ Նա հուսով է, որ լուծումներ կլինեն։

Ռուսական ՌԲԿ գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանում և Հայաստանում երեք դիվանագիտական ​​աղբյուրների, հայտնել էր, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները քննարկում են Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի կունենա Կազանում ապրիլի 29-30-ը:

Մեկնաբանել