ՍիվիլՆեթի լրագրողը հաղթող է ճանաչվել Հայաստանի բանկերի միության մրցույթում

ՍիվիլՆեթի լրագրող Արշալույս Մղդեսյանը հաղթող է ճանաչվել Հայաստանի բանկերի միության հայտարարած լրագրողական մրցույթում՝ «Լավագույն տեսանյութ» անվանակարգում։

Հայաստանի բանկերի միության ամփոփել է նախորդ տարի հայտարարված «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթը։

2020թ. «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթում «Լավագույն տեսանյութ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստատեսության լրագրող Արշալույս Մղդեսյանը: «Լավագույն ռադիոռեպորտաժ» անվանակարգի 2020թ. հաղթողը Հանրային ռադիոյի «Բիզնես բանաձև» հաղորդման հեղինակ Աստղիկ Փիլիպոսյանն է: «Լավագույն առցանց հոդված» անվանակարգում մրցանակը հանձնվեց Հետք լրատվական կայքի լրագրող Սեդա Հերգնյանին:

Մրցութային անվանակարգերում հաղթող ճանաչված բոլոր լրագրողներին հանձնվեցին հավաստագրեր և դրամական մրցանակներ:

Հայաստանի բանկերի միության նախագահ, Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը նշել էր, որ այս կերպ փորձ է արվում նպաստել հանրության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանը։

«Հանրության շրջանում ֆինանսաբանկային ոլորտն առավել հասկանալի և ընկալելի դարձնելու գործում մեր կողմից մշտապես կարևորվել է համագործակցությունը նաև լրագրողական համայնքի հետ, քանզի հանրությունն առաջին հերթին իրենց միջոցով է իրազեկվում ոլորտային նորություններին և նրանց պրոֆեսիոնալ աշխատանքից է նաև կախված հանրության արձագանքը այս կամ այն փոփոխությանը։ Եվ որպեսզի մատուցվող լրագրողական նյութերը լինեն գրագետ ու ընկալելի, մենք նույնպես այս հարցում պետք է ունենանք մեր ներդրումը՝ հանդես գալով նմանօրինակ նախաձեռնություններով»,- ասել է Բանկերի միության նախագահը։

Մեկնաբանել