Կյանքից հեռացել է Վարդան Գրեգորյանը

87 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը։

«Խորապես վշտացած ենք «Ավրորայի» համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, հեղինակ, մանկավարժ ու խորհրդատու և մեզնից շատերի թանկագին ընկեր Վարդան Գրեգորյանի (1934–2021) կորստի կապակցությամբ»,- ասված է «Ավրորա» նախաձեռնության հայտարարությունում:

Իրանի Թավրիզ քաղաքում ծնված Վարդան Գրեգորյանն անհամար մարտահրավերներ է հաղթահարել, որոնց բախվել է երիտասարդ տարիքում Միացյալ Նահանգներ ներգաղթելով, և շարունակել է նշանակալի կարիերա կառուցել, որը տևել է մի քանի տասնամյակ և հատել իրեն հյուրընկալող երկրի գիտական, բարեգործական և մշակութային սահմանները: Նա կրթության և լուսավորության ջերմեռանդ ջատագով էր, որի համար գրքերը «հույսի, կրթության և ավելի լավ ապագայի կայաններ» էին:

1956 թ. Վ. Գրեգորյանն ընդունվել է Ստենֆորդի համալսարան, որտեղ մասնագիտացել է պատմության և հումանիտար գիտությունների բնագավառում և այն ավարտել է 1958 թ. գերազանցությամբ: 1964 թ. Ստենֆորդի համալսարանը Վարդան Գրեգորյանին շնորհել է Պատմության և հումանիտար գիտությունների դոկտորի գիտական ​​աստիճան, իսկ 1969-ին արժանացել է Դանֆորթ հիմնադրամի Է. Հ. Հարբիսոնի «Ականավոր դասավանդման» մրցանակի (Distinguished Teaching Award)։ 1972 թ. նա միացել է Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և նշանակվել Թարզյանի անվ. ամբիոնի պատմության պրոֆեսոր և Հարավային Ասիայի պատմության պրոֆեսոր: 1974 թ. նա եղել է Փենսիլվանիայի համալսարանի Արվեստի և գիտությունների ֆակուլտետի հիմնադիր դեկանը, իսկ չորս տարի անց դարձել է նույն համալսարանի քսաներեքերորդ ռեկտորը՝ պաշտոնավարելով մինչև 1981 թվականը:

1981–1989 թթ. Վարդան Գրեգորյանը եղել է Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահը և մեծ հեղինակություն է վաստակել գրադարանի մշակութային նշանակության կարգավիճակը վերականգնելու համար: 1989 թ. նա նշանակվել է Բրաունի համալսարանի նախագահ: Նրա ղեկավարության ներքո Բրաունի համալսարանը դարձել է և՛ ավելի գլոբալ, և՛ ակադեմիական առումով ավելի մրցունակ, և՛ ֆինանսապես ավելի ապահով։ Իր պաշտոնավարման ընթացքում նա ղեկավարել է մի նախաձեռնություն, որի շնորհիվ հավաքվել է ավելի քան 500 միլիոն դոլար՝ հատելով հաստատության հասութավորման 1 միլիարդ դոլարի սահմանագիծը: 1997 թվականից դր. Գրեգորյանը զբաղեցրել է Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի տասներկուերորդ նախագահի պաշտոնը: 1998 թ. ԱՄՆ նախագահ Քլինթոնը նրան պարգևատրել է Ազգային հումանիտար գիտությունների մեդալով, իսկ 2004 թ. նախագահ Բուշը պարգևատրել է Ազատության Նախագահական մեդալով՝ ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևով:

Վարդան Գրեգորյանը ներքին հզոր ուժի տեր մարդ էր, կարեկցանքի ու անսահման իմաստնության շտեմարան: Նա արժանացել է բազմաթիվ դրամաշնորհների, այդ թվում ՝ Սայմոն Գուգենհայմի հիմնադրամից, Ուսյալ հասարակությունների ամերիկյան խորհրդից (American Council of Learned Societies), Հասարակագիտական հետազոտությունների ​​խորհրդից (Social Science Research Council) և Ամերիկյան փիլիսոփայական հանրությունից (American Philosophical Society): Բացի այդ, նա ստացել է պատվավոր բազմաթիվ աստիճաններ և պարգևատրությունների արժանացել Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի ու Պորտուգալիայի կառավարությունների կողմից:

Աշխարհում բարգավաճման ու խաղաղության հասնելու իր առաքելության մեջ Վարդան Գրեգորյանը միշտ հանդես է եկել ամենաաղքատների և իրավազուրկների անունից: Լինելով ցեղասպանության, խտրականության և հետապնդումների վերացման գործի հանձնառու՝ իր կարեկցանքով ու վճռականությամբ ոգեշնչված բոլորի համար նա դարձել է ուսուցիչ ու հույսի փարոս: Երիտասարդ սերնդին նա առաջնորդել է բարությամբ ու խորաթափանցությամբ՝ փոխելով մարդկային կյանքերը և մշտապես առաջնորդելով անձնազոհության ու նվիրվածության իր անձնական օրինակով:

Արգասալից հեղինակ Վարդան Գրեգորյանը հրատարակել է մի շարք գրքեր, որոնց թվում են «Ճանապարհ դեպի տուն. Իմ կյանքը և ժամանակները» (The Road To Home: My Life and Times), «Իսլամ. Խճանկար, ոչ միաձույլ» (Islam: A Mosaic, Not a Monolith) և «Ժամանակակից Աֆղանստանի հայտնությունը, 1880-1946 թթ.» (The Emergence of Modern Afghanistan, 1880-1946):

2015 թ. նա, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի հետ, հիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փկողների: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և դրա «Ավրորա» մարդասիրական մրցանակը ձգտում են այդ փորձը վերածելու գլոբալ շարժման՝ անդրադառնալով աշխարհում առկա մարդասիրական մարտահրավերներին և կենտրոնանալով կարիքի մեջ գտնոցներին օգնելու վրա:

Որպես «Ավրորայի» համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Վարդան Գրեգորյանն անխոնջ աշխատել է՝ օգնելու այդ տեսլականը կյանքի կոչելուն և երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենից ավելի ունեն դրա կարիքը: Մենք հավերժ երախտապարտ ենք նրա փորձառության ու տեսլականի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծման ու զարգացման գործում նրա ներդրած անգնահատելի ավանդի համար:

«Ավրորան» սգում է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ և աղոթք ու զորակցություն հղում նրա ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր օգտվել են նրա նշանավոր աշխատանքից և իմաստնությունից: Նրա ժառանգությունն ապրում է և շարունակելու է ապրել հավերժության մեջ:

Մեկնաբանել