Ինչպե՞ս վերաբերվել Ալիևի հայատյաց քայլերին․ Էրիկ Հակոբյանի անդրադարձը

Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հաղորդմանն անդրադառնում է ռուս-ուկրաինական նոր սրացմանը և դրա հնարավոր հետևանքներին Հայաստանի վրա: Նա նաև խոսում է Բաքվի նորաբաց հայատյաց պուրակի, Ադրբեջանում տեղի ունեցող պաշտոնանկությունների և Հայաստանի անելիքների մասին։

Այսօր կխոսենք տարածաշրջանային խնդիրների շուրջ, որոնք ուղղակի կապ չուեն Հայաստանի ներքին քաղաքականության հետ, սակայն կարող են դրա վրա ազդեցություն ունենալ։ Հետպատերազմական շրջանում քննարկել ենք տարածաշրջանի աշխարահաքաղաքականության վերաբերյալ իրավիճակային տեղեկացվածության լիակատար բացակայության փաստը, և թե ինչպես այն բաները, որ կատարվում են հեռու կամ մոտ, կարող են ջախջախիչ ազդեցություն ունենալ մեզ վրա։ Բաներ, որոնց մասին պետք է տեղեկացված լինենք։

Սկսեմ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև այժմ առկա լարվածությունից։ Լուրեր կան ռուս-ուկրաինական սահմանին՝ Դոնբասի մոտ (ռուսաբնակ շրջան Ուկրաինայի հարավում, որը չի գտնվում ուկրաինական կառավարության վերահսկողության տակ), ռուսական զորքերի զգալի կուտակումների մասին։ 

Այս լարվածության աճը հավանաբար Կիևի, Վաշինգտոնի, ինչպես նաև այլ երկրների կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման մասին շատ ագրեսիվ հռետորաբանության արդյունք է, որն ինչ-որ կերպ կապված է նախքան Արցախյան պատերազմը եղած խոսակցություների հետ։ Իրականում՝ կա ուղղակի կապ, որովհետև վերջերս ուկրաինական բանակը Թուրքիայից գնեց Բայրաքթար ԱԹՍ-ներ, և կարծում եմ՝ նրանք ինչ-որ կերպ մտածում են, թե կկարողանան Դոնբասում անել այն, ինչ ադրբեջանցիներն արեցին Արցախում։ Սա  լավ գաղափար չէ՝ հաշվի առնելով այնտեղ ամենայն հավանականությամբ առկա ուժերի անհավասարությունը։ 

Սակայն սրա ետևում առկա են շատ ավելի կարևոր հարցեր, որովհետև այս հակամարտությունը արդեն տարիներ է, ինչ շարունակվում է,  և կան ենթադրություններ, որ Վաշինգտոնը հակված է խանգարել ռուսական «Հյուսիսային հոսք-2» նախագիծն ավարտին հասցնելը։ Սա գազային նախագիծ է, որը փաստացիորեն կմիացնի Գերմանիան՝ Եվրոպայի ամենահզոր տնտեսությունը ռուսական գազի պաշարներին, մոտավորապես՝ ածխաջրածնային դարաշրջանի ավարտին։

Վաշինգտոնում առկա է սրան խանգարելու մեծ մղում՝ ելնելով աշխարհաքաղաքական պատճառներից, ինչպես նաև այն հանգամանքից, որ ԱՄՆ-ը դարձել է աշխարհում ամենախոշոր գազ արտադրողներից մեկը, և եթե Գերմանիան շուկայում չէ, ԱՄՆ-ի համար շատ դժվար կլինի գազային լայն արտահանում ունենալ Եվրոպայում։

Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար։ Ուղղակի կապ չկա, սակայն այն, որ Հայաստանը Արևելյան Եվրոպայի սակավաթիվ այն երկրներից է, որն ունի հարաբերություններ Արևմուտքի և Ռուսաստանի հետ, հազվագյուտ բան է։ Եվ ցանկացած բան, որ լարվածություն է ստեղծում և վերագործարկում է Սառը պատերազմը, բախտորոշ է մեր արտաքին քաղաքականության համար, որովհետև մենք արդեն իսկ խուսանավելու շատ քիչ տեղ ունենք։ 

Լավագույն տարբերակն այն է, որ սա չվերածվի պատերազմի։ Այս շաբաթ ականատես եղանք Արևմուտքի ու Արևելքի միջև լարվաությունը նվազեցնող դրվագի՝ Բայդենի ու Պուտինի միջև երկխոսությանը։ Հույս ունենք՝ իրավիճակը կհանդարտվի, որովհետև որքան քիչ լինի Արևմուտքի ու Արևելքի միջև լարվածությունը, այնքան շատ հեռանկարներ կլինեն մեր արտաքին քաղաքականության համար։ 

Անցնենք մեր խնդրահարույց հարևանին՝ Ադրբեջանին։ Այս շաբաթ բավական  տգեղ ու ցուցադրական կերպով Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը մասնակցեց Բաքվում նոր պուրակի բացմանը, որի ցուցադրական մասերից մեկն էլ սպանված հայ զինվորների սաղավարտների ցուցադրությունն էր։ Ակնհայտորեն, սա երկրի, մշակույթի ու նրա առաջնորդի բավական տգեղ դրսևորում է։ Որոշ առումներով դա գրեթե ֆաշիստական է, սակայն նրանք բաց են թողել մի բան՝ աշխարհի նորագույն պատմության մեջ հակառակորդ բանակի զոհված զինվորների սաղավարտների օգտագործման միայն մեկ օրինակ կա։ Այդ օրինակը Սադամ Հուսեյինն է, որն իրան-իրաքյան պատերազմից հետո կառուցեց երկու հսկայական «հաղթանակի» կամար՝ իր ձեռքերի բրոնզե կրկնօրինակների տեսքով, որի տակ ցուցադրված էին հազարավոր զոհված իրանցի զինվորների սաղավարտները։ 

Կարծում եմ Ալիևի համար դասը հետևյալն է՝ նրանք, ովքեր իրենց պահում են Սադամ Հուսեյինի նման, սովորաբար ունենում են այնպիսի վերջ, ինչպիսին ունեցավ Սադամը։ Ուստի չզարմանաս, եթե դու, քո կինը, որդին կամ քո ժառանգը, որին քո աթոռը կփոխանցես, Սադամ Հուսեյնի նման իր վախճանն ունենա ինչ-որ փոսում՝ քո օտարերկրյա կամ ներքին թշնամիների ձեռքով։ 

Մեկ այլ հետաքրքրիր զարգացում Բաքվից՝ չնայած Արցախյան երկրորդ պատերազմում նրանց հաղթանակին, կարծես էական զտումներ են ընթանում երկրի ներքին ուժային կառույցներում՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական։ Ալիևի վարչակարգը մեկ առ մեկ վերացնում է բոլոր ռազմական հերոսներին, որոնցից ամենաակնառուներից մեկը Ռովշան Աքբարովն է՝ վերջին պատերազմի գեներալներից մեկը։ Նրան ձերբակալեցին քսան տարի առաջ Ուկրաինայում կատարած խուլիգանության ու սպանության համար։ Ակնհայտորեն, տարօրինակ է ձերբակալել նրան հիմա՝ տարիներ առաջ կատարած սպանության համար։

Այս փոփոխություններից ամենաակնառուն Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիկովի պաշտոնանկությունն էր։ Սա տեղի ունեցավ պատերազմից անմիջապես առաջ, սակայն նման պաշտոնանկություններ շարունակվում են ռազմական և անվտանգության ոլորտների այլ պաշտոնյաների հետ ևս։ 

Այս առիթով առկա է երկու տարածված տեսակետ․ խմբերից մեկը գտնում է, որ վարչակարգն այնպես է անում, որ պատերազմի բարձրաստիճան հերոսներ չմնան՝ նախագահից բացի։ Այն, ինչ ամենաքիչն է ցանկանում Ալիևը, Էյզենհաուերի կամ Ժուկովի ադրբեջանական տարբերակն է, մեկը, որը երկիրը կառավարելու հավակնություններ կունենա։ Ինչպես գիտենք՝ գրեթե բոլոր բռնապետները ամեն ինչից շատ վախենում են դրանից։ Ուստի կարծում եմ՝ նա փորձում է չեզոքացնել այդ մարդկանց։ 

Մյուս խումբը կարծում է, որ սա Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ետնաբեմային պայքար է, որովհետև ադրբեջանական ռազմական առաջնորդներից շատերը,- իրականում նաև հայկական ռազմական առաջնորդներից շատերը,- պատմականորեն շատ սերտ հարաբերություններ են ունեցել Ռուսաստանի հետ, ընդհուպ մինչև ռուսական երկքաաքացիություն։ Եվ սա գիտակցված քայլ է ադրբեջանական ռազմական ոլորտը ռուսական ազդեցությունից զերծ պահելու համար։ Սա հետաքրքիր զարգացում է, որին պետք է հետևենք։ Ըստ իս, ամենայն հավանականությամբ, առաջին տարբերակն է ավելի մոտ ճշմարտությանը, հաշվի առնելով Բաքվի ամբողջատիրական վարչակարգը, որպեսզի ոչ ոք չկարողանա Ալիևների կլանին ձեռնոց նետել։ 

Ի՞նչ է այս ամենը մեզ ասում Բաքվի վարչակարգի մասին։ Մի քանի բան․ 

Երկրները, որոնք հաղթանակներ են տարել, կամ մշակույթները, առաջնորդները, որոնք ինքնավստահ են, իրենց այսպես չեն պահում, այսպես չեն խոսում և շատ ավելի ամուր են իրենց դիրքերում։ Ուստի, այս տգեղ ցուցադրական բաները, ագրեսիվ հռետորաբանությունը, թե ինչպես իրենք կվերցնեն Հայաստանի տարբեր մասերը, գալիս են ոչ թե ուժի, այլ անապահովության դիրքերից։ 

Երբ Ադրբեջանը սթափվի հաղթանակի կարճատեսությունից,- քանի որ Ալիևն իր ժողովրդին ասում է՝ սա իրենց վերջնական հաղթանակն է, խնդիրը լուծված է,- նա ստիպված է լինելու նախ բացատրել ժողովրդին՝ այդ ինչպե՞ս եղավ, որ Արցախը դեռ կանգուն է։ Եվ երկրորդ, երբ նա նախկինում հպարտ էր իր երկրում ռուսական զորքեր չլինելու փաստով, իրականում հիմա Արցախը գրեթե ամբողջությամբ դարձել է ամենամեծ ռուսական ռազմաբազան, որից շատ դժվար կլինի ազատվել։ 

Որպես ամփոփում՝ ի՞նչ է սա նշանակում մեզ համար։ 

Նախ, պետք է զգուշորեն և մանրակրկիտ հետևել, թե ինչ են նրանք ասում։ Դա չի նշանակում, որ պետք է չափից շատ արձագանքենք նրանց ասածերին։ Ի վերջո՝ էական չեն նրանց ասածները, էական են մեր քայլերը։ 

Իսկ մենք պետք է կենտրոնանանք երեք բանի վրա՝ կառուցել մրցունակ տնտեսություն, կոմպետենտ պետություն և հզոր բանակ։  

Եթե հասնենք այս երեք նպատակներին, Ալիևը և աշխարհի մյուս ալիևները կարող են ասել՝ ինչ ուզեն, նրանք կգան ու կգնան, բայց մենք ի վիճակի կլինենք պաշտպանել ինքներս մեզ և Արցախի ժողովրդին։ 

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի